Մատչելիության հղումներ

«Դիպլոմով չի, որ Նիկոլը Նիկոլ դարձավ»


Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ, ապրիլ, 2018թ․
Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ, ապրիլ, 2018թ․

Վերջին օրերին մամուլում ու համացանցում քննարկվում է ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի՝ բուհական դիպլոմ չունենալու փաստը: Թեև արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ վարչապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է ու դիպլոմ ունենալը պարտադիր պահանջ չէ, այդուհանդերձ, թեման դեռ արծարծվում է։

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ շուրջ երեք շաբաթ երկրում ցույցերի ու երթերի դուրս եկած Նիկոլ Փաշինյանի համակուրսեցիներից հայտնի հեռուստահաղորդավարուհի Գայանե Փայտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ - «Քանի դիպլոմավորի գիտեք, որ կարդացած վերջին գիրքն Այբբենարանն է»: «Ազատության» հետ զրույցում ասաց՝ դեռ տարիներ առաջ իրենք նույնպես կուրսեցիներով պայքարել են, որ կարմիր դիպլոմի թեկնածու Փաշինյանը դիպլոմ ստանա, իսկ այսօր արդեն վստահ են՝ դա նրան հարկավոր չէ:

«Երևի նույնիսկ էդ խոսակցությունները իրեն զայրացնում են, նույնիսկ մեր կուրսից պայքարը, խոսակցությունները, ֆեյսբուքյան գրառումները, վստահ եմ, իրեն զայրացնում են, որովհետև իրեն էդ դիպլոմը պետք էլ չի, մեծ հաշվով», - ասաց Փայտյանը՝ հավելելով․ - «Ուղղակի արդար կլիներ, որ ինքը բոլորիս հետ միասին ունենար էդ վկայականը, որովհետև չեմ վարանի և կասեմ, որ առավել էր բոլորիցս, ու էսօր բոլորս ունենք, ինքը չունի»:

Գայանե Փայտյանը պատմում է՝ 1990-ականներին Փաշինյանն ավարտական կուրսից դուրս է մնացել, որովհետև քննադատական հոդված էր գրել Երևանի Պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի այժմ նախկին դեկան Գառնիկ Անանյանի քրոջ ծավալած գործունեության վերաբերյալ: Պատմեց՝ իրենք փորձել են պայքարել, բայց Փաշինյանն ասել է՝ «դա իմ խնդիրն է, ինքս էլ կլուծեմ»։

«Գառնիկ Անանյանի կողմից էսպիսի մի նախադասություն էր հնչել, որ «քանի ես դեկան եմ՝ Նիկոլը Փաշինյան պետք է դիպլոմ չստանա»: Եթե չեմ սխալվում, էնտեղ ինքը փաստեր էր ներկայացրել Ջեմմա Անանյանի գործունեության հետ կապված, և դա դուր չէր եկել եղբորը՝ Գառնիկ Անանյանին, որը բանասիրական ֆակուլտետի դեկանն էր այդ ժամանակ: Երբ որ իրեն դուրս թողեցին համալսարանից, մոտիվացիան բացականերն էին, բնականաբար՝ չէին կարող ասել, որ «հոդված է գրել, դրա համար ենք իրեն դուրս թողնում», - ասաց հեռուստահաղորդավարուհին:

«Դա իր [Փաշինյանի] տեսակն է, ինքը միշտ է արդարամիտ, միշտ է սկզբունքային», - ընդգծեց Գայանե Փայտյանը՝ շարունակելով․ - «Եկեք նայենք, հա՞, ովքեր ունեն դիպլոմներ, դրանք ինչ դիպլոմներ են, ոնց են ձեռք բերված՝ մարդիկ մեծ մարդիկ են, 50, 60 տարեկան, 40-ն անց, վերջին տարիներին ձեռք բերված դիպլոմներ են դրանք, այսինքն, վստահաբար, իրենք ուսանողական տարիներ չեն ունեցել, դրանք ձեռք բերված դիպլոմներ են: Դիպլոմով չի, որ Նիկոլը Նիկոլ դարձավ, էսօր են հիշել, որ Նիկոլը դիպլոմ չունի, բայց ո՞վ է էսօր Նիկոլը, երբ ինքը մի մեծ ճանապարհ արդեն անցել է, շատերի օրը սկսվում էր Նիկոլի խմբագրած թերթը ընթերցելով»:

Փայտյանի այս հայտարարությունից հետո ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները ստորագրահավաք են սկսել: «ԵՊՀ-ն պետք է իր վրայից մաքրի այս խարանն ու Փաշինյանին հանձնի իր դիպլոմը», - ասաց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Ռուբեն Բանուչյանն ու նշեց, որ արդեն 400-ից ավելի ստորագրություն կա: Ընդգծեց՝ իրենց միացել են տարբեր բուհերի ու ֆակուլտետների ուսանողներ, ևս մեկ դասախոս՝ ԵՊՀ-ից: Ռուբենը վստահ է՝ սա դիպլոմի պայքար չէ, սա արդարությունը վերականգնելու պահանջ է:

«Մենք առաջարկում ենք, որ Երևանի Պետական համալսարանը ի վերջո էս խարանը իր վրայից մաքրի, հայտարարի, որ Նիկոլ Փաշինյանին տալիս է դիպլոմը, և ուղղակի էս հարցը լուծվի: Մենք գիտակցում ենք, իհարկե, որ որևէ մեկի մասնագիտական կարողությունների արտացոլանքը ամենևին էլ դիպլոմը չէ, առավել ևս՝ պարոն Փաշինյանի դեպքում: Բայց խնդիրը առաջնային Երևանի Պետական համալսարանինն է <...> Երևանի Պետական համալսարանը, այո, ունի այս խարանը իր վրայից մաքրելու կարիք», - շեշտեց Ռուբեն Բանուչյանը:

Նույն ֆակուլտետի նույն կուրսի ուսանող Կարեն Մարտիրոսյանն էլ ասում է՝ եթե անգամ Փաշինյանը չվերցնի այդ դիպլոմը, ԵՊՀ-ն պետք է նրան ընտրության հնարավորություն տա: «Էստեղ դիպլոմը զուտ սիմվոլիկ բնույթ է կրում, որի գլխավոր նպատակն է ևս մեկ անգամ բարձրաձայնել խնդիր, բարձրաձայնել խնդիրներ և միևնույն ժամանակ նաև մեր աջակցությունը ևս մեկ անգամ հայտնենք Նիկոլ Փաշինյանին», - ասաց Մարտիրոսյանը:

«Եթե, օրինակ, ռեկտորատը չի միանում դրան և չի գնում ընդառաջ, դուք կհիասթափվե՞ք համալսարանի ղեկավարությունից», - «Ազատության» այս հարցին ուսանողը արձագանքեց․ - «Միանշանակ»:

Թեև Գայանե Փայտյանը կարծում է, որ իր համակուրսեցուն այդ դիպլոմը հիմա հարկավոր չէ, ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ համալսարանը չի կարող ստորագրահավաքով դիպլոմ տալ: Նա ընդգծեց, որ ըստ ընթացակարգի՝ Փաշինյանը պետք է դիմում գրի, հետո հանձնի բաց թողած քննություններն ու ստուգարքները, հետո նոր ստանա դիպլոմը:

«Ընթացակարգն այնպիսին է, որ պետք է պարոն Փաշինյանի կողմից լինի դիմում համալսարանին՝ վերականգնման խնդրանքով, երրորդ կողմը չի կարող ստորագրահավաք անել դիպլոմ տալու համար, զուտ իրավական տեսանկյունից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Էմին-Տերյանը՝ շարունակելով․ - «Համալսարանի համար մեծ պատիվ է տեսնել իր նախկին ուսանողներին, շրջանավարտներին, ներկա համալսարանականներին հասարակական-քաղաքական տարբեր, որոշիչ դերակատարների մեջ, բայց ես կարծում եմ, որ համալսարանի համար խարան կլիներ, եթե քննության չներկայանալով, ստուգարք չհանձնելով տար դիպլոմ»:

Հարցին՝ «իսկ պատմությունը, որ հաշվեհարդար է եղել Անանյանի կողմից Փաշինյանի նկատմամբ, համալսարանը հերքո՞ւմ է, թե՞ հաստատում», ԵՊՀ խոսնակը արձագանքեց․ - «Ես չեմ կարող ասել, որովհետև դեկան պարոն Անանյանը չկա, որ իրեն հարցնենք, ռեկտորը այն ժամանակ Ռադիկ Մարտիրոսյանն էր»:

Հիշեցնենք՝ ներկայումս Երևանի Պետհամալսարանի ռեկտորը Արամ Սիմոնյանն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG