Մատչելիության հղումներ

«Հայաստանը քաղաքական առումով Ռուսաստանից հասուն է», Միջազգային ԶԼՄ-ներ


Երևան, Marriott հյուրանոցի մոտ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին, Երևան, 27-ը ապրիլի, 2018 թ.
Երևան, Marriott հյուրանոցի մոտ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին, Երևան, 27-ը ապրիլի, 2018 թ.

«Ռադներդ քաշեք, սրիկաներ, կանեմ այն, ինչ արդար եմ համարում»​

Անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին՝ ամերիկյան հեղինակավոր պարբերականի՝ The Washington Post-ի մեկնաբան Էն Էփլբաումը զուգահեռ է անցկացնում Բեռլինի պատի փլուզման հետ և մեջբերում այն ժամանակ կոմունիստական ԳԴՀ-ի մայրաքաղաքում թիվ 9 տխրահռչակ անցակետը հսկող սահմանապահ, փոխգնդապետ Հարալդ Յագերի հուշերը. «Ես կանգնած էի դարպասի մոտ: Իշխանությունն արդեն չեղարկել էր քաղաքացիների տեղաշարժի արգելքը, հազարավոր մարդիկ հավաքվել էին պատի մոտ, պահանջում էին բացել դարպասը:

Ես զանգում էի ղեկավարներին, ոչ մի պատասխան: Եվ հասկացա՝ ինչ հիմար, ինչ անմարդկային բան է փակ դարպասը: Շեֆերիս մտքումս ասացի՝ ռադներդ քաշեք, սրիկաներ, ես հիմա կանեմ այն, ինչ արդար եմ համարում, ու կարգադրեցի բացել դարպասը»:

Ըստ Էփլբաումի, նման պահերը վկայում են այն մասին, որ զանգվածային ցույցերը երբեմն կարող են քաղաքական փոփոխություն ապահովել: Այդ պահը դիպչում է մարդու բարոյականության ավելի խորը շերտին, ստիպում է իշխանավորին՝ փոխել կուրսը, հրաժարվել ռեպրեսիվ ռեժիմից, հրաժարվել ուժի գործադրումից:

«Ես հիշեցի սահմանապահ Յագերին, երբ Հայաստանում օրեր տևած զանգվածային բողոքների արդյունքում հրաժարական ներկայացրեց Սերժ Սարգսյանը, ով 10-ը տարի նախագահելուց հետո որոշել էր վարչապետի պաշտոնում իշխանավարելու համար փոխել խաղի կանոնները, Սահմանադրությունը, ստեղծել էր բիզնեսների և քաղաքական կապերի մի ամբողջ սարդոստայն, ու վերջում խոստովանել. «Ես սխալվեցի»:

«Ռուսները զուսպ են, առնվազն առաջին փուլում»

The Washington Post-ի մեկ այլ մեկնաբան՝ Էմի Ֆերիս-Ռոտմանը նշում է, որ Ռուսաստանը Վրաստանի և Ուկրաինայի «գունավոր հեղափոխություններն» ակնհայտ թշնամանքով է ընդունել, սակայն Հայաստանի այս օրերի շարժմանը, առնվազն առաջին փուլում, զուսպ է արձագանքել: Պատճառն այն է, որ այս ցույցերը բացահայտ հակառուսական բնույթ չունեն: Մոսկվայի ազդեցությունն այս թշվառ, փոքրիկ երկրում ակնհայտ է:

Հրաժարական ներկայացրած վարչապետ Սերժ Սարգսյանն ակնհայտ ռուսամետ էր, նրան փոխարինել է «Գազպրոմ»-ի նախկին պաշտոնյա Կարեն Կարապետյանը, որին ժողովուրդը կոչում է «Գազի Կարեն» մականունով: Մոսկվան հայտարարել է, որ այս ամենը Հայաստանի ներքին գործն է, շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, թե ռուսները հավաստիացնում են, որ չեն միջամտելու:

Ֆերիս-Ռոտմանը նաև նշում է, որ Հայաստանը տնտեսապես շատ է կախված Ռուսաստանից և այդ երկրի կարիքն ունի ղարաբաղյան խնդրում: Փաշինյանին անհրաժեշտ կլինի ապագայում էլ պահպանել այդ բալանսը: Հայաստանի խաղաղ և անարյուն հեղափոխությունն արդեն դարձել է բացառիկ երևույթ, գրում է մեկնաբանը:

Բրիտանիայում լույս տեսնող «Guardian»-ը վկայակոչէլ է Փաշինյանին, ով ասել է, որ իր նպատակը վարչապետ դառնալը չէ, այլ «Հայաստանում իրական փոփոխություն կայացնելը»:

«Ավտոկրատի անկումը»

Լոնդոնում հրատարակվող The Economist հանդեսը հայաստանյան զարգացումներին նվիրված հոդվածը վերնագրել է «Ժողովրդի ուժը դուրս է վռնդում Հայաստանի շեֆին, ով փորձում էր Պուտին խաղալ»: Ենթավերնագիրն է՝ «Ավտոկրատի անկումը»:

Մեկնաբանը նշում է, որ նախագահությունից վարչապետության անցնելու հնարքով Սարգսյանը փորձել է կրկնօրինակել Վլադիմիր Պուտինին, ով 2008-12 թվականներին զբաղեցրել է Ռուսաստանի վարչապետի պաշտոնը և վերադարձել է իշխանության, անտեսելով Ռուսաստանում ծավալված բողոքի ակցիաները:

Նմանօրինակ աճպարարությունից վիրավորված ժողովուրդը լցվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողողներն ու հրապարակները: Շարժումն առաջնորդել է լրագրողից քաղաքական գործչի վերածված Նիկոլ Փաշինյանը: Կարճատև ձերբակալությունից հետո նա վերսկսել է բողոքները, և ժամեր անց Սարգսյանը ներկայացրել է հրաժարական, ինչը Հայաստանում առաջացրել է զանգվածային տոնախմբություն, իսկ ռուսական ընդդիմության շարքերում՝ նախանձ:

Ըստ The Economist-ի, Հայաստանը, որտեղ չկա փողոցային բողոքի արգելք և խորհրդարանում ներկա է ընդդիմություն, քաղաքական առումով Ռուսաստանի համեմատությամբ ավելի հասուն է:

Ռուսներն առայժմ անսպասելի զսպվածություն են ցուցաբերում, բայց կոռումպացված ռեժիմը զանգվածային բողոքով մերժելու բուն փաստը չի կարող չանհանգստացնել Կրեմլին: Ուստի՝ Հայաստանում դեռ առկա է միջամտության կամ բռնության, կամ և՛ միջամտության, և՛ բռնության վտանգը,- գրում է լոնդոնյան պարբերականը:

Քաղաքացիական հասարակության ուժը

Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում հրատարակվող «The Hill» պարբերականի փոխանցմամբ, երևանյան ցույցերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ քաղաքացիական հասարակության, ժողովրդի թաքնված ուժը կարող է արգելք դառնալ քաղաքական և տնտեսական կոռուպցիայի համար:

«Հայերը 2008, 2015, 2016 թվականներին խոշոր ցույցեր են անցկացրել, բողոք հայտնելով ոչ միայն կոռուպցիայի և ընտրակեղծիքների, այլև աղաղակող աղքատության և քաղաքական ղեկավարների հետ սերտաճած օլիգարխների կողմից կառավարվող տնտեսական կարգի, ինչպես նաև իրավապահների սանձազերծած ապօրինությունների, դատական իշխանության կախվածության և մարդու իրավունքների ոտնահարումների դեմ»,- գրում է «The Hill»-ը:

Տեղեկացված, ներգրավված և ոտքի կանգնած հանրությունը լուրջ մրցակից է նույնիսկ ամենաավտոկրատ ռեժիմի համար, դրանից պետք է դասեր քաղեն անսահմանափակ իշխանության գաղափարին հավատացող այնպիսի լիդերներ, ինչպիսիք են Վլադիմիր Պուտինը, Սի Ծինպինը կամ Ռեջեփ Էրդողանը, շարունակում է պարբերականը:

Ըստ «The Hill»-ի, հայաստանյան զարգացումները վկայում են նաև հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցության շարունակվող անկման մասին: Դա առավել անսպասելի է հենց Հայաստանի պարագայում, քանի որ երկիրը տնտեսական և անվտանգության առումներով ու հատկապես Ղարաբաղի չլուծված հակամարտության հանգամանքով մեծապես կախված է Մոսկվայից:

«The Hill»-ը նշում է, որ Ռուսաստանի ներքին տնտեսական և քաղաքական թուլությունը հարևաններին ընձեռում է անկախ քաղաքական ուղղություն բռնելու հնարավորություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG