Մատչելիության հղումներ

Քննություն է տարվում՝ պարզելու լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտած անձանց ինքնությունը


Դիմակավորված ոստիկանը գետնին է շպրտում «Ազատության» տեսախցիկը, 22-ը ապրիլի, 2018թ․
Դիմակավորված ոստիկանը գետնին է շպրտում «Ազատության» տեսախցիկը, 22-ը ապրիլի, 2018թ․

ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով ձեռնարկվում են ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ապահովելու բողոքի ակցիաները լուսաբանելու ժամանակ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի բազմակողմանի, օբյեկտիվ քննությունը, 1 անձ ներգրավվել է որպես կասկածյալ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

- Ապրիլի 21-ին փաստաբանը հաղորդում է ներկայացրել առ այն, որ ապրիլի 21-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի ճանապարհին բողոքի ակցիան նկարահանելու և լուսաբանելու ժամանակ քաղաքացիական հագուստով անձը բռնություն է գործադրել մասնագիտական գործունեությունն իրականացնող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ՝ խոչընդոտելով նրա մասնագիտական գործունեությանը:

ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով՝ լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։

Լրագրողը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Որոշում է կայացվել նրա նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, սակայն վերջինս հրաժարվել է ենթարկվել փորձաքննության։

Հարցաքննության ընթացքում տուժողը ցուցմունք է տվել դեպքի շուրջ, ինչպես նաև հայտնել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ իրեն հայտնի տեղեկությունները։ Վերջինս ևս հարցաքննվել է, կատարվել առերես հարցաքննություն։ Լրագրողի մատնանշած անձը ներգրավվել է որպես կասկածյալ, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ տուժողի և կասկածյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը միջոցներ ձեռնարկել՝ ականատես վկաներ հայտնաբերելու, դեպքի ժամանակ նշված տարածքում ծառայություն իրականացրած ոստիկանների ինքնությունը պարզելու և հարցաքննության ներկայացնելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է։

- Ապրիլի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։

Ըստ քրեական գործի տվյալների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանն ապրիլի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, որպես լրագրող իր աշխատանքն է կատարել Երևան քաղաքի Արամի փողոցում տեղակայված ՀՀ կառավարության 3-րդ վարչական շենքի դիմաց։ Լուսանկարներ կատարելիս քաղաքացիական հագուստով երկու անձ հարձակվել են լրագրողի վրա և բռնություն գործադրել։ Լրագրողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն և ստացել անհրաժեշտ բուժօգնություն։

Լրագրող Տ.Մուրադյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հարցաքննության ժամանակ տուժողը ներկայացրել է քաղաքացիական հագուստով երկու անձի լուսանկար, ովքեր բռնություն են գործադրել իր նկատմամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը միջոցներ ձեռնարկել՝ Տիրայր Մուրադյանի կողմից ներկայացված լուսանկարներում պատկերված անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ՝ կից տրամադրելով լուսանկարները։ Բացի այդ, հանձնարարվել է պարզել նաև դեպքի վայրում տեսանկարահանող սարքերի առկայությունը, դրանց պատկանելության վերաբերյալ տվյալները, հիշյալ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների ինքնությունները։

Նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG