Մատչելիության հղումներ

Դատախազություն․ Ստացվել է լրագրողի աշխատանքը խոչընդոտելու 17 ահազանգ, 9-ի առթիվ քրգործ է հարուցվել


Հայաստանի դատախազության շենքը Երևանում, արխիվ
Հայաստանի դատախազության շենքը Երևանում, արխիվ

Դատախազությունը հաղորդում է, որ «մշտադիտարկման համապատասխան կառուցակարգերով» իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահել վերջին օրերին Հայաստանում ընթացող զանգվածային միջոցառումները լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերը:

«Հայտնի դարձող առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող ցանկացած տեղեկատվություն, իրավապահ մարմիններին ներկայացվող ցանկացած հաղորդում քրեադատավարական կարգով ուղարկվել է ստուգման՝ դրանց հետագա ընթացքը լուծելու և քրեաիրավական գնահատականի արժանացնելու նպատակով», - ասված է Հայաստանի դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդագրությունում:

Ըստ այդմ՝ ապրիլի 13-25-ը Երևանում, ինչպես նաև երկրի այլ բնակավայրերում լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ դատախազություն ստացվել է ընդհանուր առմամբ 17 ահազանգ․ - «Դրանցից 11-ը՝ 13 լրագրողի վերաբերյալ, իրենց նկարագրությամբ պարունակել են հանցագործության հատկանիշներ, և ՀՀ քրեական դատավարության մասին օրենքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից հանձնարարվել է ինչպես ՀՀ ոստիկանությանը, այնպես էլ նախաքննական մարմիններին՝ դրանցում ներկայացվող հանգամանքներն ստուգելու, նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով: Դրանցից 9 դեպքի առթիվ` 11 լրագրողի վերաբերյալ, արդեն հարուցվել են քրեական գործեր»:

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու մասին մնացած տեղեկությունների, ահազանգերի վերաբերյալ, ըստ հաղորդագրության, բավարար փաստական տվյալներ դեռ չկան, կամ խիստ սահմանափակ են: Այդ ահազանգերը լրացուցիչ ստուգման կարիք ունեն, որից հետո կկայացվեն դատավարական համապատասխան որոշումներ նաև դրանց ընթացքը լուծելու համար:

Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ արձանագրված առերևույթ հանցագործության հանգամանքները, ինչպես նաև հանցանք կատարած անձանց պարզելու, վերջիններիս արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG