Մատչելիության հղումներ

ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարը ժամանել է Բրյուսել


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, Բրյուսել, 27-ը ապրիլի, 2018թ․

ԱՄՆ-ի նորանշանակ պետքարտուղար Մայք Փոմփեոն այսօր ժամանել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցների հետ քննարկելու Եվրոպայում ռուսական ագրեսիային առնչվող հարցեր:

Սա Փոմփեոյի առաջին հանդիպումն է եվրոպացի գործընկերների հետ ամերիկյան գլխավոր դիվանագետի պաշտոնում:

Բանակի նախկին սպա և հանրապետական կոնգրեսական Մայք Փոմփեոն վերջին 15 ամիսներին զբաղեցրել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնը:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման գլխավոր թեմաներն են Ուկրաինայում, Վրաստանում և Սիրիայում Ռուսաստանի ագրեսիվ գործունեությունը, ինչպես նաև Եվրոպայի արևելյան սահմաններին անվտանգության ամրապնդումը:

Երեք շաբաթ առաջ Փոմփեոն մեկնել էր Հյուսիսային Կորեա՝ մեկուսացված այդ երկրի առաջնորդի հետ հանդիպելու նպատակով: Այդ հանդիպմանը պետք է հաջորդեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ունի առաջիկայում սպասվող բանակցությունները, որոնց ընթացքում Դոնալդ Թրամփը պետք է համոզի հյուսիսկորեացի առաջնորդին հրաժարվել միջուկային ծրագրից:

ՆԱՏՕ-ում հանդիպումից հետո Փոմփեոն մեկնելու է Սաուդյան Արաբիա, Հորդանան և Իսրայել, հայտնում է Պետդեպարտամենտը: ԱՄՆ Սենատում պետքարտուղարի պաշտոնում Մայք Փոմփեոյի թեկնածությանը կողմ է քվեարկել 57 սենատոր, դեմ՝ 42-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG