Մատչելիության հղումներ

Խոսքը ոչ թե պաշտոնակռվի, այլ Հայաստանում ստեղծված ճգնաժամը լուծելու մասին է. Նիկոլ Փաշինյան


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին՝ մայիսի 1-ին առավոտյան ժամը 8։00-ից կրկին դուրս գալ փողոց և «հեղեղել Երևանի փողոցներն ու հրապարակները»։

«Մայիսի 1-ին կանխորոշում եմ հարյուր հազարավոր քաղաքացիներ Հայաստանի փողոցներում։ Ես կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ առավոտյան ժամը 8։00-ին լինել Երևանում, հեղեղել Երևանի փողոցները և հրապարակները, այդ թվում՝ Ազգային ժողովի հարկից փողոցները և հրապարակները», - հայտարարեց նա այսօր ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք՝ Փաշինյանն այսօր ժամը 12:00-ին վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանին հրավիրել էր «Մարիոթ» հյուրանոց՝ սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը:

Սակայն այսօր առավոտյան վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը հայտարարեց, որ բանակցություններին մասնակցելը Կարեն Կարապետյանը համարում է «անհեռանկարային»։

«Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ: Բացի այդ, Կարեն Կարապետյանը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջև բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որևէ արդյունք արձանագրելը չէ: Այդ իսկ պատճառով մասնակցել «բանակցությունների», որոնք լուծումներ գտնելու հավանականություն չունեն, վարչապետի պաշտոնակատարը համարում է անհեռանկարային», - ֆեյսբուքյան իր էջում հրապարակված հայտարարությունում ասել է վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը:

«Ազատության» դիտարկմանը, թե «Կարեն Կարապետյանը հայտարարությունում նշում է, որ Դուք պայմաններ եք առաջ քաշում, վարչապետի պատոնակատարը նաև ուղիղ եթերին էր դեմ», և հարցին, թե ի՞նչ խնդիր է լուծում Կարեն Կարապետյանը չգալով, Փաշինյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը պարզապես վստահ չէ իր բանակցային ուժերին, և եթե մի մարդ, որն այնքան էլ վստահ չէ իր բանակցային ուժերին իր հայրենիքի ներսում, ինչպե՞ս է նա պատրաստվում ընդհանրապես բանակցել Ղարաբաղի հարցի շուրջ»։

Նշենք, որ մայիսի 1-ին վարչապետի ընտրության հարցով խորհրդարանի հատուկ նիստ կգումարվի:

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից րոպեներ առաջ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարեց, որ ԲՀԿ-ն և Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, «միանում են Հայաստանում և աշխարհասփյուռ հայության շրջանում ծավալված համաժողովրդական շարժմանը՝ կոչ անելով իշխանություններին գիտակցել պահի լրջությունն ու իրավիճակի անխուսափելիությունը և անհապաղ կատարել քայլեր, որոնք կնպաստեն ստեղծված կացության հանգուցալուծմանը»։

Ապրիլի 25-ին ՀՅ Դաշնակցությունը հայտարարեց իշխող կոալիցիայից դուրս գալու մասին: Երեկ Դաշնակցության նախարարներն ու մարզպետները հրաժարական տվեցին։

Հարցին, թե Ազգային ժողովում ի՞նչ իրավիճակ է՝ հաշվի առնելով ՀՅ Դաշնակցության և «Ծառուկյան» դաշինքի որոշումները, ընդդիմադիր գործիչը պատասխանեց. - «Հույս ունեմ, որ մինչև մայիսի 1-ը ՀՅԴ և «Ծառուկյան» դաշինքն իրենց դիրքորոշումները կհստակեցնեն և այսօր-վաղը կհայտարարեն, թե ինչպես են իրենք պատրաստվում քվեարկել»։

Փաշինյանը վստահեցրեց՝ խոսքը ոչ թե վարչապետի ընտրության կամ պաշտոնակռվի մասին է, այլ Հայաստանում ստեղծված ճգնաժամը լուծելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG