Մատչելիության հղումներ

Ուսումնական հաստատությունները պետք է ապակուսակցականացված լինեն․ դասադուլավոր ուսանողներն այսօր հենց այս հայտարարությամբ են շրջել բուհերով՝ իրենց բողոքի երթին հրավիրելով ուսանողներին:

Երթի մեկնարկից առաջ ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը, որը նաև առաջնորդում էր երթը, պնդեց, որ այս օրերին բողոքի ակցիաներին մասնակցող ուսանողներին բուհերում ճնշել են․ - «Այն ժամանակ, երբ նոր էր սկսվում, ուսանողներին հիմնականում վախեցրել են բացականերով: Իմ կարծիքով, դա ազդեցություն կարող էր ունենալ, որովհետև առաջին, երկրորդ կուրսի ուսանողների վրա դա կարող էր ազդել: Իհարկե, այս մի քանի օրը շատ կարծրատիպեր կոտրվեցին, մշակույթ ձևավորվեց, բայց ամբողջովին դեռ այդ մշակույթը չի ձևավորվել»:

Բազմամարդ երթի մասնակցիներն Արամ Խաչատրյանի արձանի հարակից տարածքում ըստ բուհերի խմբերի բաժանվեցին: Յուրաքանչյուր խումբն առանձնացրեց իր բուհում առկա խնդիրները, հետո դրանք հրապարակեցին հարթակից:

Երևանի պետական բժշկական ուսանողները, օրինակ, «Ազատության» հետ զրույցում ասացին, որ, ի թիվս բարձր վարձավճարների, առանձնացրել են մեկ հիմնական խնդիր՝ բուհերի կուսակցականացված լինելը: Պատմեցին, որ ուսխորհրդի հանրապետական անդամներն իրենց հաճախ են կուսակցական միջոցառումների համար նկարահանումների տարել, ասացին նաև, որ հիմնականում զեղչվել են այն ուսանողների վարձավճարները, ովքեր ՀՀԿ-ական են եղել․ - «Հիմնադրամը զեղչեր էր տալիս այդ քաղաքական ակտիվ ուսանողներին: Երևի դրա պատճառով էլ գնում էին, մասնակցում էին: Երիտասարդական հիմնադրամը նույն երիտթևն է, Կարեն Ավագյանն է իրենց առաջնորդը»:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներից մեկը հարթակից հայտարարեց, որ հարմարավետ լսարան են ուզւոմ ունենալ, պահանջում են դասախոսներին հաճախ վերապատրաստման ուղարկել, գրադարանը մասնագիտական ժամանակակից գրականությամբ համալրել:

Բայց թիվ մեկ խնդիրն, ասաց, դասախոսների քաղաքականացված լինելն է․ - «Հաջորդ խնդիրը ֆակուլտետի ղեկավարության չափազանց քաղաքականացված լինելն է, քանի որ մեր ֆակուլտետում կոնկրետ մարդիկ կան ռուսամետ են կամ եվրոպամետ են․․․ Այսինքն, եթե դու ռուսամետ դասախոսի մոտ փորձում ես քո կարծիքը արտահայտել, որը իր կարծիքին չի համընկնում, ինքը դրանից կարող է գնահատական իջեցնել»:

Ագրարային համալսարանի խմբի տեսակետը ներկայացրած ուսանողը թվարկված ներբուհական խնդրիներին ավելացրեց ևս երկուսը՝ ուսման բարձր վարձավճարներն ու դասախոսների ցածր աշխտավարձը․ - «Դասախոսների ցածր աշխատավարձը բերում է կոռուպցիայի մեծացման և դասախոսների՝ աշխատելու ցանկություն չունենալուն: Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև մենք ուզում ենք, որ մեզ դասախոսները լավ գիտելիք տան, ու նոր, երիտասարդ դասախոսներ չեն գալիս»:

Ուսանողները մի քանի տասնյակից ավելի թղթեր հանձնեցին Դավիթ Պետրոսյանին ու նախաձեռնող խմբին, որոնցում նշել էին իրենց բուհում եղած խնդիրները: Պետրոսյանն ասաց, որ կարձանագրեն դրանք, կհամակարգեն ու կմտածեն, թե ինչպես դրանք հասցնեն հասցեատերերին՝ արդեն պահանջի տեսքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG