Մատչելիության հղումներ

Այսօր Չերնոբիլի աղետի 32-րդ տարելիցն է


Ուկրաինայում հարգանքի տուրք են մատուցում Չերնոբիլի վթարի զոհերի հիշատակին, Սլավուտիչ, 25-ը ապրիլի, 2018թ.
Ուկրաինայում հարգանքի տուրք են մատուցում Չերնոբիլի վթարի զոհերի հիշատակին, Սլավուտիչ, 25-ը ապրիլի, 2018թ.

Ուկրաինայում և Բելառուսում նշում են Չերնոբիլի ատոմակայանի աղետի 32-րդ տարելիցը: Չերնոբիլի վթարը համարվում է վատթարագույնը քաղաքացիական միջուկային էներգետիկայի պատմության ընթացքում:

Այսօր առավոտյան Չերնոբիլի զոհերի հուշարձանի մոտ ուղղափառ եկեղեցական ծիսակարգով պատարագ է մատուցվել:

«Չերնոբիլն առհավետ կմնա բաց վերք, մենք պարտավոր ենք ամեն ինչ անել նմանօրինակ աղետների կրկնությունը կանխելու համար», - հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն:

Բելառուսում, որի տարածքի մի զգալի մասը նույնպես ենթարկվել է ճառագայթման, 1988 թվականից ի վեր ամեն տարի ապրիլի 26-ին տեղի է ունենում սգո երթ:

1986 թվականի ապրիլի 26-ին Չերնոբիլի ատոմակայանի ռեակտորի պայթյունի հետևանքով ահռելի քանակությամբ ճառագայթող նյութեր են արտանետվել շրջակա միջավայր:

Բուն պայթյունից զոհվել է 30 մարդ, բայց ավելի ուշ՝ ճառագայթման հետևանքով, մահացել են հազարավոր բնակիչներ: Զոհերի ստույգ թիվը հայտնի չէ:

Վիեննայում տեղակայված Ատոմային ճառագայթման հետևանքների հետազոտման կոմիտեն երեկ հայտարարել է, որ 1991-2015 թվականների ընթացքում Չերնոբիլի աղետի աղտոտված տարածքներում (Ուկրաինայում, Բելառուսում և մասամբ Ռուսաստանում) գրանցվել է վահանագեղձ քաղցկեղի մոտ 20 հազար դեպք, ինչն ուղղակիորեն կարելի է համարել ճառագայթման հետևանք:

Ճառագայթման տարածումը կանխելու համար պայթյունից քայքայված ռեակտորը մի քանի անգամ փակել են մետաղյա և բետոնե շերտերով:

2016 թվականին ռեակտորի տարածքը ծածկել են հսկայական կափարիչով, որի կառուցման համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը տրամադրել է 1 միլիարդ 600 միլիոն եվրո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG