Հրաչ Ռոստոմյանը հրաժարական է տվել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Ռոստոմյանի մամուլի խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանը։
«Գիտակցելով պահի օրհասականությունն ու Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունը Հայաստանի պետականության առջև՝ ես հրաժարական եմ տալիս Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից», - իր հայտարարությունում ասել է Ռոստոմյանը։
Նա նշել է, որ որպես ԲՀԿ համակիր, պաշտպանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համազգային մոբիլիզացիայի մասին կոչին և անձամբ դուրս է գալիս փողոց։
«Բոլոր մարզիկներին և մարզաշխարհի ներկայացուցիչներին վստահեցնում եմ՝ այսօր Հայաստանի դրոշը Հանրապետության հրապարակում մեր ժողովրդի գլխավերևում ծածանելու ժամանակն է։ Իմ հանրապետական և դաշնակցական գործընկերներին հորդորում եմ առանց տատամսելու միանալ ժողովրդին և ենթարկվել նրա պահանջներին։ Այս պահին ոչինչ ավելի կարևոր չէ, քան մեր հայրենիքի համար անցնցում և խաղաղ ելք գտնելը։ Իմ խորին համոզմամբ՝ այդ ելքը հրապարակում է, ժողովրդի կողքին», - ասել է Ռոստոմյանը։
Ապրիլի 23-ին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, վարչապետի լիազորությունները ստանձնեց առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:
Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում նախատեսված էին Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման դեմ պայքարը գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի բանակցությունները, որոնք, ըստ Փաշինյանի, պետք է վերաբերեին «իշխանության անցնցում փոխանցմանը»։ Այս գիշեր, սակայն, հայտնի դարձավ, որ բանակցությունները չեն կայանալու, Փաշինյանը հայտարարեց բողոքի անհնազանդության գործողությունները վերսկսելու մասին:
ԲՀԿ-ն այսօր կոչ արեց իր բոլոր կուսակիցներին «մոբիլիզացվել և դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին»։