Մատչելիության հղումներ

Փաշինյանը կոչ է անում շարունակել քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում այսօր ժամը 11։00-ից շարունակել քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները՝ դասադուլներ, փողոցներ ու կամուրջներ շրջափակելը։

«Կարծում ենք, որ մեր հռչակած թավշյա ոչ-բռնի ժողովրդական հեղափոխությունը ևս մեկ քայլ պետք է անի հաղթանակն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար», - այսօր ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսաուղերձում ասում է Փաշինյանը՝ նշելով, որ ինքը Հանրապետության հրապարակում կլինի այսօր ժամը 11։00-ից։

«Հանրապետական կուսակցությունը և մասնավորապես վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մտածում են, որ Հայաստանի քաղաքացին և հայ ժողովուրդն իրեն լիովին բավարարված է զգում Սերժ Սարգսյանի հրաժարականով և հիմա ժամանակն է մտածել Հանրապետական կուսակցության վերարտադրության մասին։ Այսինքն՝ այսպես ասած Սերժ Սարգսյանի հրաժարականի ծխածածկույթի ներքո ապահովել Հանրապետականի հետագա իշխանավարումը։ Կարծում եմ այս իրավիճակում մենք պետք է շատ հստակ մեր դիրքորոշումներն արտահայտենք, խոսքը Հայաստանի քաղաքացիների մասին է, և հստակ արձանագրենք, որ իրադարձությունների նման սցենարը, նման զարգացում որևէ կերպ չի կարող մտնել հեղափոխության պլանների և ծրագրերի մեջ», - ասում է Փաշինյանը։

Ապրիլի 23-ին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարականտվեց վարչապետի պաշտոնից, վարչապետի լիազորությունները ստանձնեցառաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:

Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում նախատեսված էին Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման դեմ պայքարը գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի բանակցությունները, որոնք, ըստ Փաշինյանի, պետք է վերաբերեին «իշխանության անցնցում փոխանցմանը»։ Այս գիշեր, սակայն, հայտնի դարձավ, որ բանակցությունները չեն կայանալու, Փաշինյանը հայտարարեց բողոքի անհնազանդության գործողությունները վերսկսելու մասին:

Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով` որպես գործադիր իշխանության ղեկավար, ունենալով պարտավորություն ապահովել երկրի բնականոն ռիթմը, դիմում է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին իր նախընտրած ձևաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ` քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց. - «Երեկ իմ հայտարարությունից հետո Կարեն Կարապետյանը նույնպես հայտարարությամբ է հանդես եկել և հայտարարել է, թե Արմեն Սարգսյանին պետք է դիմի որպեսզի խորհրդակցություններ սկսեն, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Ես ուզում եմ, մի նրբություն ընդգծել՝ նրանք ուզում են, որ ընտրությունները տեղի ունենան մի պայմաններում, երբ Հանրապետական կուսակցությունը, ըստ էության, կամ վարչապետի պաշտոնակատարը Հանրապետական կուսակցությունից է, թե ինչպիսին կլինեն այդ ընտրությունները գիտենք 2017 թվականից։ Ուզում եմ հստակ արձանագրել, որ դա ոչ մայն մեզ համար ոչ միայն անընդունելի է մտքերի այդ ընթացքը, այլև մենք ուղղակի կարող ենք բոյկոտել այդ ընտրությունները ընդ որում ոչ թե պասիվ ձևով, այլ ակտիվ ձևով՝ շրջափակելով բոլոր ընտրական տեղամասերը և թույլ չտալով, որ Հանրապետականն իր վերարտադրության միջոցառումը կազմակերպի։ Ես կարծում եմ, որ հեղափոխությունը շատ հստակ ուղերձ է հղել մեր ձեռնարկած թավշյա, ոչ-բռնի ժողովրդական հեղափոխությունը, որ Հայաստանի Հանրապետությունում Հանրապետականը չի կարող այլևս իշխանություն ունենալ, այսինքն Սերժ Սարգսյանը հեռացել է, բայց պետք է իշխանությունից զրկվեն նաև հանրապետականները, որպեսզի մենք չունենանք այնպիսի իրավիճակ, որ Սերժ Սարգսյանն այսպես ստվերից, կամ ետնաբեմից շարունակի կառավարել երկիրը հանրապետականների միջոցով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG