Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հորդորում է Հայաստանում ապահովել իշխանության խաղաղ փոխանցումը Սահմանադրության շրջանակում


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթ, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթ, արխիվ

Առաջիկա օրերը պատմական պահ են ներկայացնում Հայաստանի ժողովրդի և նրա ընտրված ղեկավարների համար, քանի որ նրանք նոր կառավարություն ձևավորելու գործընթաց են սկսում: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը:

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը հորդորում է բոլոր կողմերին՝ «ներգրավվել կառուցողական կերպով, Հայաստանի Սահմանադրության օրինական շրջանակում՝ ապահովելու իշխանության խաղաղ փոխանցումը օրենքի գերիշխանությանը հավատարիմ մնալով»:

«Ակնկալում ենք սերտորեն աշխատել նոր կառավարության հետ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում», - ասել է Նաուերթը:

«Որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր՝ ողջունում ենք հայ ժողովրդի ներգրավվումը երկխոսությունում՝ ուղղված ժողովրդավարական և խաղաղ միջոցներով իր ինքնիշխան ապագան կերտելուն», - հայտարարում է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը:

Ապրիլի 23-ին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, վարչապետի լիազորությունները ստանձնեց առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:

Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում նախատեսված էին Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման դեմ պայքարը գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի բանակցությունները, որոնք, ըստ Փաշինյանի, պետք է վերաբերեին «իշխանության անցնցում փոխանցմանը»։ Այս գիշեր, սակայն, հայտնի դարձավ, որ բանակցությունները չեն կայանալու, Փաշինյանը հայտարարեց բողոքի անհնազանդության գործողությունները վերսկսելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG