Մատչելիության հղումներ

Միջազգային հանրությունն արձագանքում է Սերժ Սարգսյանի հրաժարականին


«Մենք շնորհակալություն ենք հայտնում վարչապետ Սարգսյանին՝ իր երկար տարիների ծառայության և հայ-ամերիկյան գործակցությունն ամրապնդելու իր գործունեության համար»,- նշված է Միացյալ Նահանգների պետեդեպարտամենտի` անցած գիշեր տարածած հայտարարության մեջ, որի տեքստը զետեղվել է Երևանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

Հայտարարության մեջ նաև կարդում ենք․ «Հուսով ենք, որ Սարգսյանի հաջորդին որոշելու ժողովրդավարական գործընթացը կիրականացվի թափանցիկ եղանակով` համաձայն Հայաստանի օրենքների ու ստանձնած միջազգային պարտավորությունների»: «Սպասում ենք նոր կառավարության հետ սերտ համագործակցությանը»,- նշում է ամերիկյան պետքատուղարությունը, հավելելով․ «Մենք շարունակում ենք ուշի ուշով հետևել Հայաստանում տիրող իրադրությանը և բոլոր կողմերին հորդորում ենք զսպվածություն ցուցաբերել, խուսափել իրադրության սրումից և ցանկացած բռնի գործողությունից»:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նույնպես իր աջակցությունն է հայտնել «բարեկամ հայ ժողովրդին» և նշել «իրադրությունը իրավական, սահմանադրական շրջանակներում պահպանելու անհրաժեշտությունը»: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ևս հանդես է եկել հայտարարությամբ` ողջունելով Հայաստանում ծավալվող իրադարձությունների խաղաղ բնույթը և կոչ անելով բոլոր կողմերին՝ «շարունակել զսպվածություն ցուցաբերել ու առաջնահերթ նշանակություն տալ երկխոսությանը»:

Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը` հավելելով, որ կազմակերպության ղեկավարն ի գիտություն է ընդունել Սերժ Սարգսյանի հրաժարականը: «Հայաստանի համար կարևոր այս ժամանակաշրջանում Գլխավոր քարտուղարը կոչ է անում շարունակական հարգանք ցուցաբերել օրենքի գերիշխանության և մարդու իրավունքների, ինչպես նաև Հայաստանում ու տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման նկատմամբ»,- նշված է ՄԱԿ-ի ղեկավարի հայտարարությունում:

«Մենք ողջունում ենք վարչապետ Սերժ Սարգսյանի` հրաժարականի վերաբերյալ համարձակ որոշումը, որի նպատակն էր երկրում աճող լարվածության թուլացումը»,- նշված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցերով համզեկուցողներ Ջուզեպե Գալատիի և Յուլիա Լովոչկինայի տարածած հայտարարության մեջ: «Հուսով ենք, որ այդ քայլը կհանգեցնի քաղաքական բոլոր ուժերի միջև նոր և կառուցողական երկխոսության, որի նպատակը կլինի ստեղծված իրադրության հարատև լուծման որոնումը, որն իր հերթին կհամապատասխանի Սահմանդրության դրույթներին»,- նշում են ԵԽԽՎ համազեկուցողները:

Նրանք նաև կոչ են անում ազատ արձակել վերջին օրերի բողոքի գործողությունների ժամանակ ձերբակալված բոլոր անձանց, ապահովել խաղաղ հավաքների անցկացման իրավունքը: Համազեկուցողները նաև պնդում են, թե մտահոգված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած այն ահազանգերի առթիվ, որոնց համաձայն՝ մի շարք անձանց հանդեպ սոցիալական ցանցերում ատելություն սերմանող հայտարարություններ և բռնության կոչեր են հնչում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG