Մատչելիության հղումներ

ԱՄՆ Պետդեպարտամենտ․ Սպասում ենք Հայաստանի նոր կառավարության հետ սերտ համագործակցությանը


«Մենք շնորհակալություն ենք հայտնում վարչապետ Սարգսյանին իր երկար տարիների ծառայության և հայ-ամերիկյան գործակցությունն ամրապնդելու իր գործունեության համար», - հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ հայտարարել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը:

«Հուսով ենք, որ նրա հաջորդին որոշելու ժողովրդական գործընթացը կիրականացվի թափանցիկ եղանակով` համաձայն Հայաստանի օրենքների ու ստանձնած միջազգային պարտավորությունների: Սպասում ենք նոր կառավարության հետ սերտ համագործակցությանը», - ասված է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության՝ «Ամերիկայի ձայն»-ին փոխանցած հայտարարությունում:

«Մենք շարունակում ենք մոտից հետևել Հայաստանում տիրող իրադրությանը և բոլոր կողմերին հորդորում ցուցաբերել զսպվածություն, խուսափել իրադրության սրումից և բռնի որևէ գործողությունից», - հայտարարում է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը:

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հայտարարեց վարչապետի պաշտոնից իր հրաժարականի մասին, վարչապետի լիազորությունները ստանձնեց առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:

Վաղը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում նախատեսված են Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման դեմ պայքարը գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի բանակցությունները, որոնք, ըստ Փաշինյանի, պետք է վերաբերեն «իշխանության անցնցում փոխանցմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG