Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյան․ Երկխոսությունը ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ


«Ես համարում եմ, որ երկխոսությունը ավելի կարևոր է և ավելի դրական է, քան ցանկացած լարվածություն: Ես առհասարակ համարում եմ, որ անթույլատրելի է, որ հայը հայի դեմ դուրս գա որևէ ձևով՝ փողոցում, ոստիկանության միջոցով, որևէ այլ կերպով: Ես կարծում եմ, որ երկխոսությունը ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ է: Ես համարում եմ, որ այս պահին ոչ մի կարմիր գիծ անցած չի որևէ կողմից: Ես համարում եմ, որ մենք սթափ և բանական ժողովուրդ ենք, և ի վիճակի ենք մեր խնդիրները լուծել բանական, խելացի ձևով», - այսօր հրավիրած ասուլիսում ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Ավելին, ես կարծում եմ, որ եթե նայենք մեր անցյալ փորձին, մեր անկախ Հայաստանի պատմության, կտեսնենք, որ որևէ իրադարձություն, որևէ զարգացում, լարվածություն անհետևանք չի անցել», - նշեց նա՝ շարունակելով․ - «Որքան էլ մեզ թվա, որ, ենթադրենք, «Էլեկտրիկ Երևանը» անցավ անհետևանք, կամ նույնիսկ «Սասնա ծռերի» միջադեպը անցավ անհետևանք, կամ Մարտի 1-ի ողբերգական դասերով, բայց քաղած դասերը չսերտվեցին, դա այդպես չէ: 1996 թվի ցույցերը և Ազգային ժողովի ներխուժումը, ամեն ինչը, ինչ եղավ հետո՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի ժամանակ, դրանց բոլորը իրականում հետևանքներ են թողել: Մի կողմից՝ սպիեր, որոնք երևի անխուսափելի են եղել, բայց մյուս կողմից՝ նաև լուրջ ներազդեցություն մեր ժողովրդավարական համակարգի առաջընթացի վրա: Ի վերջո, այն օրենսդրությունը, որն այսօր ոմանք մտցնում են անընդհատ ոստիկանության աչքը, ձևավորվել է Մարտի 1-ից հետո»:

Ապրիլի 22-ին Հայաստանի վարչապետ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի տապալված հանդիպումից հետո Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները:

Նույն օրը Արցախի փողոցում ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին: Ժամեր անց հաղորդվեց ընդդիմադիր երեք պատգամավորների ձերբակալության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG