Մատչելիության հղումներ

Փաշինյանի գտնվելու վայրի մասին ոչ ոք տեղեկություն չունի. Արայիկ Հարությունյան


Արայիկ Հարությունյան, արխիվ
Արայիկ Հարությունյան, արխիվ

«Փաստացի կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանն այս պահին առևանգված է, Ազգային ժողովի պատգամավորի գտնվելու վայրի մասին ոչ ոք տեղեկություն չունի», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը։

«Գիտեմ, որ երեկ հանրահավաքից հետո էլի կան բերման ենթարկվածներ, ընթացքում ձերբակալությունների որոշում են կայացվում։ Եվս մի լուր էլ երեկ կար, որ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Սևանի ոստիկանական բաժանմունքում, փաստաբան Ռուստամ Բադասյանը գնացել էր տեղում ճշտելու, նրան փոխանցել էին, որ նա, այո՛, եղել է այդտեղ, բայց հիմա նա այնտեղ չէ։ Փաստացի կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանն այս պահին առևանգված է, Ազգային ժողովի պատգամավորի գտնվելու վայրի մասին ոչ ոք չգիտի, նրա փաստաբանը չի կարողանում կապ հաստատել նրա հետ, որպեսզի շահերը պաշտպանի ըստ էության: Նույնիսկ 37 թվականին մարդիկ ավելի պաշտպանված են եղել», - ասաց Հարությունյանը։

«Բանդաների տեռորը, ոստիկանական անգործությունը խոսում են այն մասին, որ կա'մ պատժիչ մեքենան է խափանվել, կա'մ պատժիչ մեքենան և այդ բանդաները միասին անցել են գործի», - ասաց ընդդիմադիր գործիչը՝ վերլուծելով նախօրեի իրադարձությունները․ - «Եվ բոլոր տեղերում թե՛ ոստիկանությունը, թե՛ օլիգարխիայի տարբեր խմբեր փորձում են մարդկանց սաստել, ծեծել, խոշտանգել, քրեական գործեր հարուցել։ 20-րդ դարում չի կարող քաղաքակիրթ երկրում էսպիսի բան լինել։ Ասեմ ավելին, օրինակ, Շենգավիթի բաժանմունքում երեկ փաստաբաններն այդպես էլ չեն կարողացել մուտք գործել բաժանմունք, որպեսզի պաշտպանեն բերման ենթարկվածների շահերը»:

Հարցին, թե այսօր ի՞նչ են պատրաստվում անել, ընդդիմադիր գործիչը պատասխանեց. - «Կոչ ենք արել ապակենտրոնացված ակցիաներ լինեն և երեկոյան հանրահավաք է տեղի ունենալու»։

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, բանակցությունները տապալվեցին:

Հանդիպումից հետո Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ հայտարարելով, որ ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո ցուցարարները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան: Արցախի փողոցի վրա ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո հատուկ միջոցների գործադրմամբ փորձեց ցրել ցույցը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների: Ժամեր անց հաղորդվեց ընդդիմադիր երեք պատգամավորների ձերբակալության մասին:

Եթե Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը տեղափոխվել են ոստիկանության Շենգավիթի բաժանմունք, ապա Նիկոլ Փաշինյանի գտնվելու մասին տեղեկություն չկար։ Ավելի ուշ Փաշինյանի կինը հայտնեց, որ ընդդիմադիր պատգամավորը գտնվում է ոստիկանության Սևանի բաժնում։

Դրանից ժամեր անց փաստաբան Ռուստամ Բադասյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ ոստիկանության Սևանի բաժնի պետ Վիգեն Աղեկյանը իրեն հայտնել է, որ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը օրվա ընթացքում եղել է Սևանի բաժնում, բայց տեղափոխվել է։ Աղեկյանը նշեց, որ չի կարող տեղեկություն տրամադրել պատգամավորի գտնվելու վայրի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG