Մատչելիության հղումներ

Հանրապետության հրապարակում ավարտվեց Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքը


Չնայած Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների առաջնորդների մեծ մասը ձերբակալվել կամ բերման են ենթարկվել, Երևանի Հանրապետության հրապարակում տասնյակ հազարավոր ցուցարարների մասնակցությամբ հանրահավաք տեղի ունեցավ:

Հանրահավաքի ամբիոնից հայտարարվեց, որ վաղ առավոտից բողոքի զանգվածային գործողությունները շարունակվելու են՝ չնայած շարժման գրեթե ողջ ղեկավար կազմի մեկուսացմանը:

Ելույթով հանդես եկավ, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:

«Ինչ էլ ասվի՝ ի սկզբանե հայտարարվածից մի շեղվեք ոչ մի սանտիմետր: Ինչ որ ասվել է՝ դա շարունակում է ուժի մեջ մնալ այնքան ժամանակ, այդ գործողությունները մենք միահամուռ, խաղաղ, հայտարարված պայմաններով պիտի անենք այնքան ժամանակ, մինչև Սերժ Սարգսյանը հրաժարականի դիմում ստորագրի», - ընդգծեց Հակոբյանը:

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, բանակցությունները տապալվեցին:

Հանդիպումից հետո Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ հայտարարելով, որ ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո ցուցարարները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան: Արցախի փողոցի վրա ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո հատուկ միջոցների գործադրմամբ փորձեց ցրել ցույցը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների: Ժամեր անց հաղորդվեց ընդդիմադիր երեք պատգամավորների ձերբակալության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG