Մատչելիության հղումներ

«Սարգսյանի և Փաշինյանի հանդիպումից լիցքաթափման ակնկալիքը չիրականացավ».Նալբանդյանն ու Հարությունյանը հանդիպել են դեսպաններին


Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր հանդիպել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին:

Ըստ արտգործնախարարության պաշտոնական կայքէջի, Նալբանդյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է նախորդ օրը դեսպանների հետ կայացած հանդիպումից հետո տեղի ունեցած զարգացումների վրա։

Արտգործնախարարն անդրադարձել է հավաքների վերաբերյալ Արդարադատության նախարարության, իրավապահ մարմինների կողմից տարածած հայտարարություններին, որոնք մատնացույց էին անում ՀՀ «Հավաքների ազատության մասին» օրենքի ակնհայտ խախտումներին ու հորդորում էին դադարեցնել հասարակականկարգի խախտմանն ուղղված կոչերն ու գործողությունները:

ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի ղեկավարության ու հոգևոր առաջնորդների կողմից հնչել են երկխոսություն սկսելու բազմաթիվ կոչեր։ Հանրապետության նախագահը նույնիսկ գնացել է ցույցի վայրը՝ հավաքների կազմակերպչի հետ հանդիպելու և երկխոսությանը մեկնարկ տալու համար։

«Այսօր՝ ապրիլի 22-ին հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից լիցքաթափման ակնկալիքը չիրականացավ, քանի որ հավաքների կազմակերպիչը վարչապետի հետ հանդիպումն օգտագործեց ՀՀ իշխանություններին վերջնագիր ներկայացնելու համար՝ փաստորեն մերժելով երկխոսության առաջարկը», - ասված է հաղորդագրությունում։

Անդրադառնալով Եվրամիության կողմից այսօր արված հայտարարությանը՝ նախարար Նալբանդյանն ասել է, որ հայկական կողմը կիսում է դրանում արտահայտված դրույթները և ոչ միայն լիովին հարգում է հավաքների ազատության իրավունքը, այլև գործնականում ապահովում է դրա համարժեք կիրառումը, Հայաստանի օրեսնդրության և միջազգային պարտավորությունների համաձայն։

Նախարարը շեշտել է, որ հավաքի մասնակիցներն իրենց իրավունքներն իրականացնելիս պետք է հարգեն Հայաստանի համապատասխան օրենսդրությունը։

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանումներ է ներկայացրել «Հավաքների ազատության մասին» օրենքի և հավաքների ազատության ապահովման միջազգային փորձի վերաբերյալ։

Նախարար Հարությունյանը, անդրադառանլով ԱԺ պատգամավորների ձերբակալությանը, նշել է, որ, անտեսելով Ոստիկանության հորդորները, հավաքի կազմակերպիչները շարունակել են կոչերը այլ անձանց սահմանադրական իրավունքների և հանրության շահերի անհամաչափ սահմանափակման վերաբերյալ, և որոշում է կայացվել ապօրինի հավաքները դադարեցնելու մասին։

Հավաքի կազմակերպիչներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից, ապա հանցագործության կատարումը կանխելու նպատակով՝ օրենսդրության սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ, ձերբակալվել են:

Մի քանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ կարևորել են երկխոսությամբ՝ ստեղծված իրավիճակի քաղաքական և օրենքի սահմաններում լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG