Մատչելիության հղումներ

«Նորից փորձ է արվում հասարակությունը բաժանել սևերի և սպիտակների». վարչապետի խոսնակի պատասխանը News.am


«Ցավում ենք, որ նորից փորձ է արվում հասարակությունը բաժանել սևերի և սպիտակների», - այսօր News.am-ի հարցին ի պատասխան ասել է վարչապետ Սերժ Սարգսյանի նորանշանակ մամուլի խոսնակ Հովհաննես Նիկողոսյանը։

News.am-ը մասնավորապես հետաքրքրվել էր վարչապետի խոսնակից, թե ի՞նչ է նկատի ունեցել Սերժ Սարգսյանն՝ ասելով «Մարտի 1»-ից դասեր չեք քաղել», արդյո՞ք դա սպառնալիք էր։

«Ճիշտ հակառակը: Ցավում ենք, որ նորից փորձ է արվում հասարակությունը բաժանել սևերի և սպիտակների։ Բաժանարար գծեր ստեղծելու դառը փորձ մենք ունենք ի դեմս 2008-ի հետընտրական զարգացումների, որը հաղթահարելու համար մեր հասարակությունից և իշխանություններից մեծ ջանքեր են պահանջվել: Հենց այդ դասերն է, որ իշխանությունը և հասարակության մեծամասնությունը քաղել է պատմությունից, որից հիմա պետք է ամեն գնով խուսափել: Այդ սխալ ճանապարհից պարոն Փաշինյանին երկրորդ անգամ զերծ պահելու համար էր երեկ հրապարակ գնացել հանրապետության նախագահը, և այդ նպատակով է այսօրվա հանդիպմանը նման հորդոր հնչեցրել երկրի վարչապետը»:

Նիկողոսյանը նշել է, որ վարչապետը բաց է մնում իրական երկխոսություն ծավալելու հարցում և ներկայումս էլ չեն դադարում այդ ուղղությամբ ջանքերը: «Անտեղի են իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունները», - ասել է վարչապետի խոսնակը։

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, բանակցությունները տապալվեցին:

Վարչապետ Սարգսյանը նախ նշեց, թե լավ չի պատկերացնում, թե ինչպես կարող են երկխոսել տասնյակ լրագրողների ներկայությամբ:

Ի պատասխան նրա՝ Փաշինյանը հայտարարեց, որ այստեղ թյուրըմբռնում կա, քանի որ խոսքը երկխոսության մասին չէ և որ ինքը եկել է քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ փոխանցման հարցը:

«Դա բանակցություն չէ, դա երկխոսություն չէ, դա ուղղակի ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին», - արձագանքեց Սերժ Սարգսյանը: - «Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, Դուք դասեր չեք քաղել «Մարտի 1»-ից և եթե այդ տոնով պետք է խոսել, ապա ինձ մնում է Ձեզ մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ և ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը Ձեր վրա է: Ընտրեք», - հայտարարեց Սարգսյանը:

Հանդիպումից հետո Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ հայտարարելով, որ ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը:

Ցուցարարները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան:

Արցախի փողոցի վրա ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո հատուկ միջոցների գործադրմամբ փորձեց ցրել ցույցը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների: Ժամեր անց հաղորդվեցընդդիմադիր երեք պատգամավորների ձերբակալության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG