Մատչելիության հղումներ

«Այս պայքարն այլ հեռանկար չի կարող ունենալ, քան Սերժ Սարգսյանի հրաժարականը». Րաֆֆի Հովհաննիսյան


Սա պայքար է՝ երիտասարդական պայքար, Հայաստանի ապագայի համար և այլ հեռանկար չի կարող ունենալ, քան Սերժ Սարգսյանի հրաժարականը, այսօր Հանրապետության հրապարակում «Ազատության» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանն իրավիճակն այսօր «ճգնաժամային» և «բեկումնային» որակեց։

«Իրավիճակն այսօր ճգնաժամային է և բեկումնային։ Այս հրապարակի, հրաշալի այս երիտասարդական շարժման երրորդ էշելոնը լինելու պատիվն ունեմ ես, և պարզապես հպարտանում եմ այդ վճռականությամբ, խաղաղասիրությամբ, սահմանադրականությամբ, որով օժտված է այս շարժումը», - ասաց Հովհաննիսյանը՝ շարունակելով. - «Այս շարժումն արդեն 20 և քանի տարի գնում է տարբեր ղեկավարների առաջնորդությամբ, որին հարգում ենք, իսկ այս փուլն առաջնորդել է Նիկոլ Փաշինյանը՝ շատ խելոք և հեռանկարային ձևով և դա կարելի է միայն ողջունել։ Սա պայքար է՝ երիտասարդական պայքար Հայաստանի ապագայի համար և այլ հեռանկար չի կարող ունենալ, քան պարոն Սերժ Սարգսյանի հրաժարականը»։

«Ազատության» դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն առավոտյան Նիկոլ Փաշինյանին ասաց, որ նա դասեր չի քաղել «Մարտի 1»-ից, Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. - «Ես չպիտի մեկնաբանեմ պարոն Սարգսյանին։ Ես պարզապես կարող եմ ասել, որ Հայաստանը չի հանդուրժելու այլևս միապետական կուսակցակարգ։ Ադրբեջանը գոնե ազնիվ է, դու այնտեղ գիտես, թե ինչի հետ գործ ունես։ Այստեղ խորամանկ փոփոխություններով իբր թե սահմանադրական, մարդն իր կուսակցությամբ ուզում է հավերժացնել իր իշխանությունը։ «Մարտի 1»-ը լուծված չէ, Սերժ Սարգսյանը նույնպես իհարկե ունի իր մասնակցությունը «Մարտի 1»-ի դեպքերին։ Ես չգիտեմ, թե այդ ակնարկը ինչի մասին է, բայց ուզում եմ ասել, որ այլևս Սերժ Սարգսյանը, թեկուզ փաստացի վարչապետ, սպառվել է, ինքը որևէ հիմք չունի կառավարելու մեր երկիրը»։

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, բանակցությունները տապալվեցին:

Վարչապետ Սարգսյանը նախ նշեց, թե լավ չի պատկերացնում, թե ինչպես կարող են երկխոսել տասնյակ լրագրողների ներկայությամբ:

Ի պատասխան նրա՝ Փաշինյանը հայտարարեց, որ այստեղ թյուրըմբռնում կա, քանի որ խոսքը երկխոսության մասին չէ և որ ինքը եկել է քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ փոխանցման հարցը:

«Դա բանակցություն չէ, դա երկխոսություն չէ, դա ուղղակի ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին», - արձագանքեց Սերժ Սարգսյանը: - «Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, Դուք դասեր չեք քաղել «Մարտի 1»-ից և եթե այդ տոնով պետք է խոսել, ապա ինձ մնում է Ձեզ մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ և ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը Ձեր վրա է: Ընտրեք», - հայտարարեց Սարգսյանը:

Հանդիպումից հետո Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ հայտարարելով, որ ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը:

Հանդիպումից հետո ցուցարարները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան:

Արցախի փողոցի վրա ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո հատուկ միջոցների գործադրմամբ փորձեց ցրել ցույցը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների: Ժամեր անց հաղորդվեց ընդդիմադիր երեք պատգամավորների ձերբակալության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG