Մատչելիության հղումներ

Շարժման լիդերներին ձերբակալելով հարց չի լուծվելու. Ալեն Սիմոնյան


Ալեն Սիմոնյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանին և շարժման այլ լիդերներին ձերբակալելով հարց չի լուծվելու։

«Ազատություն». - Ունե՞ք տեղեկություն, թե որտեղ է գտնվում Նիկոլ Փաշինյանը։

Ալեն Սիմոնյան. - Իմ ունեցած տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը գտնվում է Ոստիկանության Էրեբունու բաժնի հատուկ պահման վայրում։

«Ազատություն». - Փաշինյանն իր Ֆեյսուքյան էջում իր գտնվելու վայրի մասին տեղեկություն չի հայտնում։

Ալեն Սիիմոնյան. - Անկեղծ ասած չգիտեմ, երևի որպեսզի մեկ անգամ ևս հավատարիմ մնալով իր սկզբունքներն, որպեսզի հանկարծակի այնպես չստացվի, որ տասնյակ հազարավոր մարդիկ գնան, այնտեղ ինչ-ով սադրանքներ լինեն։ Այսօր փաստացի Ազգային ժողովի երրորդ խմբակցության ղեկավարին գողացել են, գողացել են փողոցի մեջտեղից, և որևէ մեկը չգիտի, թե որտեղ է նա։

«Ազատություն». - Կարծում եք, որ ոստիկանությունը ևս այդ պատճառով չի՞ հայտնում նրա գտնվելու վայրը և ժամեր շարունակ գաղտնի է պահում։

Սիմոնյան. - Ես վստահ եմ, որ նրանք չեն հասկանում, թե ինչ է կատարվում, որովհետև այսօրվա չակերտավոր բանակցություններից հետո, որը որ պետք է տեղի ունենար կոնկրետ օրակարգի շուրջ, որի մասին հայտարարություն էր արվել և համաձայնություն էր ձեռք բերվել երկրի նախագահ Արմեն Սարգսյանի հետ և բազմաթիվ անգամ ճշտվել էր, այս օրակարգի մասին է խոսքը գնալու, որ առաջին կետը եղել է Սերժ Սարգսյանի հրաժարականը, դրանից հետո փաստացի իշխանությունը գնաց էս քայլին, որովհետև հասկանում է, որ փակուղային վիճակի մեջ է։ Ենթադրում են, որ մարդկանց լիդերներին մեկուսացնելով այս ամենը պետք է մարեր, բայց ինչպես Փաշինյանն ասաց այսօր հանդիպման ժամանակ, կարծում եմ, որ իրենք իրոք չեն տիրապետում իրավիճակին, որովհետև ես Ձեզ անկեղծ եմ ասում, ես միացել եմ էս մարդկանց կեսից, այսինքն՝ ամբողջ երկրով մեկ ինքնաբուխ միջոցառումներ են անցնում և անկեղծ ասած, անկախ ելքից ես չգիտեմ ինչպես է մտածում Սերժ Սարգսյանը, որ կարողանալու է այսքանից հետո ղեկավարել։

«Ազատություն». - Երբ որ ղեկավար կազմը ձերբակալված է, ի՞նչ եք պատկերացնում, ի՞նչ է տեղի ունենալու, այսինքն՝ նույն ձևով այդ բողոքի ակցիաները տեղի՞ են ունենալու, հանրահավաքները տեղի՞ են ունենալու։

Սիմոնյան. - Ես չեմ ուզում առաջ ընկնել, ես չեմ ուզում գուշակություններով զբաղվել, բայց էս պահին մենք ունենք փաստ, որ ձերբակալված է ղեկավար կազմը, բայց տարբեր տեղերում հավաքները շարունակվում են, այդ քայլով հարց չի լուծվելու, պետք է բաց թողնել նախ Ազգային ժողովի պատգամավորներին, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանին՝ մաքսիմալ արագ ժամկետներում։ Եթե նույնիսկ մեղադրանք են առաջադրել, նրանք պարտավոր են իրենց բաց թողել։ Ես վստահ չեմ, որ ես կկարողանամ, կհերիքի էս ամեն ինչը հասցնեմ, իրենց պետք է բաց թողեն, որ գան իրենց խոսքը ասեն։

«Ազատություն». - Ինչո՞ւ Սերժ Սարգսյանն այդպիսի անակնկալի եկավ, չգիտե՞ր, թե ինչի համար է «Մարիոթ» հյուրանոց եկել։

Սիմոնյան. - Նպատակը դիմացինին վարկաբեկելն էր, նպատակը ցույց տալն էր, որ իբր ընդդիմությունը, ժողովուրդը չի գնում որևէ բանակցության։ Այն, ինչ մենք հայտարարել ենք՝ այո մենք պատրաստ ենք բանակցությունների գնալու նշված հինգ կետերի շուրջ՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ։ Ես չգիտեմ դա ժամանակ շահելու, ինչպես նաև միջազգային հանրությանը ի ցույց դնելու, որ «իբր, տեսեք, ես փորձեցի մի բան անել», բայց ես, որպես դիտորդ, որ կողքից նայել եմ, չստացվեց։ Հայաստանի նորընտիր նախագահի հետ խոսացված օրակարգը չքննարկվեց, ապա ինչո՞ւ էր եկել Արմեն Սարգսյանը Հանրապետության հրապարակ, ինչո՞ւ էր պետք նրա գալը, եթե նրա խոսքը արժեք չուներ, նշված օրակարգը չէր քննարկվելու։ Հանրապետության նախագահը ստանձնել էր միջնորդի կարգավիճակ, հաստատվել էր, որ կա օրակարգ, խոսվել էր, որ պետք է լինի բանակցություններ նշված օրակարգի շուրջ, այդ ամենը տեղի չունեցավ։

«Ազատություն». - Սերժ Սարգսյանն ասում է, որ ձեր ասածը ուլտիմատում է։

Ալեն Սիմոնյան. - Որևէ ուլտիմատում չկա, կա փաստ, փաստը հետևյալն է, որ կա իրավիճակ, իրավիճակը հետևյալն է, որ Հայաստանի հանրապետության ժողովուրդը անկախ նրանից, թե ինչ տոկոսների մասին է խոսում, մենք չենք քննարկելու տոկոսները, ընտրակաշառքը։ Կա փաստ, որ Ազգային ժողովի ընտրություններն այլևս իրականությանը չեն համապատասխանում, այսօր ուրիշ իրավիճակ է, և իշխանությունն այդ իրավիճակին չի տիրապետում, իսկ ընդդիմությունն այսօր ձերբակալված է։

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, բանակցությունները տապալվեցին:

Հանդիպումից հետո Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ հայտարարելով, որ ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո ցուցարարները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան: Արցախի փողոցի վրա ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո հատուկ միջոցների գործադրմամբ փորձեց ցրել ցույցը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG