«Հանուն Հայաստան պետության» ճակատը խստորեն դատապարտելով «անձամբ Սերժ Սարգսյանի հրահանգով սանձազերծված բռնություններն ու ոստիկանական վայրագությունները»՝ միջազգային հանրությունից «համարժեք գնահատական է պահանջում նրա գործողություններին»։
Ճակատի հաղորդագրությունում մասնավորապես ասված է. - «Իր հրաժարականի պայմանների շուրջ բանակցելու պատրվակով հանդիպելով համաժողովրդական խաղաղ Ընդվզման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին՝ իշխանությունը բռնազավթած Սերժ Սարգսյանը նախ խոստովանեց, որ մարտի 1-ի արյունահեղության և 10 զոհերի պատասխանատուն ինքն է անձամբ, նաև փորձեց նոր մարտի 1-ով ահաբեկել հայ ժողովրդին:
Եվ որպես այդ ահաբեկման տրամաբանական շարունակություն՝ հրահանգեց նոր թափով շարունակել նախորդ օրերին սկսած ձերբակալությունների շղթան:
Ձերբակալելով Ընդվզման առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին և մյուսներին, ինչպես նաև շարքային ցուցարարների, նա հույս ունի այդպիսով վախ տարածել և հասնել Ընդվզման մարմանը:
Ինչպես ցույց է տալիս համաժողովրդական Ընդվզման ծավալումը, այդ ձերբակալություններից հետո դրանք իր ուզած արդյունքին ոչ միայն չեն հասցնի, այլ ընդհակառակը: Ավելի են ստվարանալու ընդվզողների շարքերը՝ ընդգրկելով հանրության նորանոր շերտեր:
«Հանուն Հայաստան պետության» ճակատը խստորեն դատապարտելով անձամբ Սերժ Սարգսյանի հրահանգով սանձազերծված բռնություններն ու ոստիկանական վայրագությունները՝ միջազգային հանրությունից համարժեք գնահատական է պահանջում նրա գործողություններին: Իրադարձությունների ընթացքի ողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Սերժ Սարգսյանը, որին երբևէ չի հաջողվելու խուսափել դրանից:
«Հանուն Հայաստան պետության» ճակատն առաջարկում է բոլոր քաղաքական առաջնորդներին և հանրային գործիչներին, ովքեր հայտարարել են իրենց աջակցությունն Ընդվզմանը, համախմբվել Ընդվզման դեռևս ազատության մեջ գտնվող առաջնորդների հետ՝ շարունակելու համատեղ պայքարը, նոր թափ հաղորդելու Ընդվզմանը, մինչև ռեժիմի լիակատար տապալումը: «Հանուն Հայաստան պետության» ճակատն իր հիացմունքն է արտահայտում մեր ժողովրդի արժանապատիվ կեցվածքի, հանուն իր իրավունքների, ազատության և ժողովրդավարական պետության զոհողությունների իր պատրաստակամության այս հերթական դրսևորման առիթով և համոզված է, որ այս Ընդվզումը առաջիկա օրերին անխուսափելի հաղթանակ կբերի», - ասված է հաղորդագրությունում: