Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպել է օտարերկրյա դեսպանների հետ, ներկայացրել իրավիճակը Հայաստանում


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հիմնարար ազատությունների հարգումը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդումը, խոսքի, հավաքների ազատությունը Հայաստանի արժեքավոր ու անշրջելի ձեռքբերումներից են։ Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ երեկ հանդիպելով Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:

«Որպես այստեղ հավատարմագրված դեսպաններ, դուք տեղյակ եք, որ շուրջ մեկ շաբաթ է, ինչ տեղի են ունենում երթեր, ցույցեր։ Լավատեղյակ եք, որ Հայաստանում խաղաղ հավաքների անցկացումը ոչ միայն երաշխավորված է օրենքով, այլև պատշաճ կերպով ապահովվում է», - ասել է Նալբանդյանը՝ շարունակելով. - «Հստակ է, որ իրավապահների գործողություններն այս օրերին ոչ թե զուտ համարժեք են եղել, այլև շատ դեպքերում` նաև առավել քան զսպված: Ոստիկանության կողմից հասարակական կարգը պահպանելուն ուղղված միջազգային չափանիշներին համապատասխան արհեստավարժ, համարժեք գործողությունները նաև ԵԱՀԿ-ի, այլ կառույցների և գործընկերներ երկրների հետ տարիների համագործակցության արդյունք են»։

Միաժամանակ, նախարարը վկայակոչել է ոստիկանության բազմաթիվ հայտարարությունները, ըստ որոնց՝ ցույցերի ու երթերի կազմակերպիչներն իրականացրել են բազմաթիվ իրավախախտումներ և «առաջին հերթին խախտել են հենց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը, ինչը հանգեցրել է անարխիկ դրսևորումների՝ վտանգելով հասարակական կարգը, քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները»։ Մասնավորապես, նա ընդգծել է, որ խոչընդոտվել է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, փորձեր են կատարվել ներխուժելու կրթօջախներ, պետական հիմնարկներ ու այլ հաստատություններ և խաթարելու նրանց բնականոն աշխատանքը, վնասվել է հանրային ու մասնավոր գույքը և այլն։

Նալբանդյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրել վարչապետ Սերժ Սարգսյանի՝ քաղաքական երկխոսության կոչ պարունակող հայտարարության վրա։

Հանդիպման ժամանակ Հայաստանում իրավական բարեփոխումների փորձագիտական խմբի ղեկավար Վարդան Պողոսյանը ներկայացրել է «Հավաքների ազատության մասին» օրենքի դրույթները՝ «ընդգծելով երթերի ու ցույցերի կազմակերպիչների կողմից արձանագրված խախտումները և դրանից բխող հասարակական կարգի խաթարման վտանգները»:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ «դիվանագիտական մի քանի ներկայացուցչությունների ղեկավարներ ընդգծեցին, որ համակարծիք են նախարարի հետ՝ հավաքների ազատությունը պատշաճ կերպով ապահովելու ուղղությամբ իշխանությունների կատարած քայլերի և իրավապահների ցուցաբերած արհեստավարժ ու համաչափ գործողությունների վերաբերյալ՝ ընդգծելով հավաքների խաղաղ բնույթը պահպանելու և քաղաքական երկխոսության կարևորությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG