Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ներկայացնում է իր պատկերացումը, թե երբ երկրի ղեկը կարող են ստանձնել այլ գործիչներ


Վարչապետ Սերժ Սարգսյան, 18-ը ապրիլի, 2018թ.

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պարզաբանում է՝ իր կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելը «պայմանավորված է եղել մի պարզ հանգամանքով». - «Բարդ աշխարհաքաղաքականությամբ այս տարածաշրջանում և նոր առաջացած մարտահրավերներով լի ժամանակահատվածում պարտավոր ենք ապահովել երկրի անվտանգ զարգացումը և շարունակել Արցախի խնդրի արժանապատիվ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը»:

«Իմ պատկերացումներով, նշված խնդիրները լուծելի են, որից հետո երկրի ղեկը կարող են ստանձնել այլ գործիչներ», - գրում է Սարգսյանը «Լույս» հիմնադրամի մի խումբ շրջանավարտների բաց նամակին իր պատասխանում:

Անհրաժեշտ համարելով, որ շրջանավարտներն անմիջապես իրենից լսեն իրենց արտահայտած մտահոգությունների հակիրճ արձագանքը, նա վստահեցնում է. - «Ժողովրդավարությունը Հայաստանում երբեք հետընթաց չի ապրելու։ Անցնող տարիներին ամուր ու զարգացող ժողովրդավարություն կերտելու մեր ձեռքբերումները անշրջելի են և բարեփոխված Սահմանադրությամբ երաշխավորված»:

«Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել ձեզ հետ քննարկելու զարգացման ուղղությամբ մեր քայլերը և ապագայի տեսլականը։ Հպարտ եմ, որ իմ լուման եմ ունեցել Ձեր մասնագիտական կայացման գործում: Հուսով եմ, որ աշխարհի լավագույն բուհերում ստացած ձեր կրթությունը ծառայեցնելու եք մեր երկրի կայուն, ապահով ու համերաշխ զարգացմանը: Ուրախալի է, որ ձեզանից շատերը այսօր արդեն գտնվելով պետական կառավարման համակարգում՝ իրենց ամենօրյա որակյալ աշխատանքով նպաստում են պետականաշինության մեր գործին», - վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ գրել է Սերժ Սարգսյանը:

XS
SM
MD
LG