Մատչելիության հղումներ

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները Սերժ Սարգսյանին կոչ են անում հետ կանգնել իշխանությունը ստանձնելու իր քայլից


Արխիվ ֊֊ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է «Լույս» հիմնադրամի ուսանողների հետ, 29֊ը հուլիսի, 2014թ.

«Լույս» հիմնադրամի շուրջ 60 կրթաթոշակառուներ բաց նամակ են հղել ուղղված Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, մտահոգություն հայտնելով առ այն, որ «ժողովրդավարական պետություն և հասարակություն կառուցելու ճանապարհից շեղվել ենք և ըստ էության շեղվում ենք միմյանց տրված խոստումներից»:

Հիմնավորելով իրենց այս միտքը՝ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները գրել են. ֊ «Այսպես ենք կարծում, քանի որ իշխանության մեջ բազմավարություն և փոխարինելիություն, ինչպես նաև սերնդափոխություն ապահովելու սկզբունքը խախտվել է: Լինելով աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներ` մենք հանդիսանում ենք ժամանակակից գիտելիքի և ազատ մտքի կրողներ և հետևաբար վստահ կարող ենք ասել, որ ներառական բնույթի քաղաքական ու տնտեսական հաստատություններ չունեցող մեր երկրում, իշխանության բարձրագույն պաշտոնը մեկ անձի կողմից երրորդ անգամ զբաղեցնելը` անկախ հանգամանքներից, վտանգում են ժողովրդավարությունն ու բազմավարությունը, ինչը իր հերթին գալիս է նսեմացնելու հասարակությունում արդարության և հանդուրժողականության սկզբունքները»։

Նրանք նաև կոչ են անում վարչապետ Սերժ Սարգսյանին՝ հետ կանգնելը իշխանությունը ստանձնելու իր քայլից։

«Սրանով Դուք մեծ ներդրում կատարած կլինեք Հայաստանի` որպես ժողովրդավարական պետության կայացման հարցում», ֊ նշում են «Լույսի» կրթաթոշակառուները՝ միաժամանակ իրենց համակրանքը հայտնելով ցուցարար ուսանողներին։

Այս բաց նամակը ուշագրավ է հատկապես այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը «Լույս» հիմնադրամի հիմնադիրներից է և Գործադիր խորհրդի անդամ։

«Լույս» հիմնադրամը պաշտոնապես արձագանքել է կրթաթոշակառուների բաց նամակին, նշելով, որ այն ապաքաղաքականացված կառույց է, և մատնացույց անելով, որ բաց նամակի տակ ստորագրել է իրենց 515 կրթաթոշակառուների ու շրջանավարտների մի մասը միայն։

«Այս հաղորդագրությամբ «Լույսի» համայնքը, անկախ իր անդամների քաղաքական դիրքորոշումներից, իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի ներկա և ապագա զարգացումների վերաբերյալ։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում նպաստել Հայաստանի խաղաղ և կայուն զարգացմանը առարկայական նախաձեռնությունների միջոցով», ֊ նաև ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG