Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն պետական մարմինների դեմ ուղղված կիբերհարձակում է կանխել


Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը, իր իրավասությանը վերապահված խնդիրների լուծման կապակցությամբ շարունակելով ՀՀ տեղեկատվական հեռահաղորդակցական համակարգերում պետական տեղեկատվական պաշարների պաշտպանությանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը, բացահայտել և կանխել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարբեր մարմինների համակարգչային ցանցերի նկատմամբ կիբերհարձակման հերթական դեպքը։

ԱԱԾ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարբեր մարմինների էլեկտրոնային փոստերին Նիդեռլանդների Թագավորությունում գրանցված IP-հասցեից ադրբեջանական կոնտակտային տվյալներով ուղարկվել են վնասաբեր ծրագրեր պարունակող էլեկտրոնային նամակներ, որոնք հնարավորություն են տալիս համակարգչային ցանցերում պահվող տեղեկատվությունը գաղտնի պատճենահանելու և Ավստրալիայում գրանցված IP-հասցեի սերվերին փոխանցելու։

«ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների շնորհիվ տեղեկատվական և հեռահաղորդակցական համակարգերի և ցանցերի աշխատանքին անօրինական միջամտությունն անհապաղ խափանվել է՝ հիշյալ վնասաբեր ծրագրերը վնասազերծվել են, և տեղեկատվության արտահոսքը կանխվել է», - ասված է հաղորդագրությունում: - «Քննվող քրեական գործով ուղարկվել են իրավական օգնության միջնորդություններ, օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և իրավասու մարմինների ներգրավմամբ ձեռնարկվում են մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ վերը նշված վնասաբեր ծրագրերը մշակող և օգտագործող անձանց պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG