Մատչելիության հղումներ

ՊՆ֊ն հորդորում է չխոչընդոտել «հայ ժողովրդի անվտանգությունն ապահովող կառույցի» ավտոմեքենաների տեղաշարժերը


Պաշտպանության նախարարությունը մտահոգություն է հայտնում Երևանի Կոմիտաս և Տիգրանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որի ընթացքում «ցուցարարները հարվածներ են հասցրել ուղեկցող մեքենային, իսկ դիմակավորված ցուցարարներից մեկը փորձել է բացել պաշտպանության նախարարի ավտոմեքենայի դուռը»:

ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ հիշյալ փողոցների խաչմերուկում «ցուցարարները, որոնց մեջ նաև ակնհայտ սադրիչներ և անչափահասներ են եղել, ոչ միայն արգելափակել են ՀՀ պաշտպանության նախարարի՝ աշխատավայր վերադարձող ծառայողական ավտոմեքենան, այլև անտեսել են անվտանգության ծառայության աշխատակիցների՝ մեքենան ապաարգելափակելու վերաբերյալ քաղաքակիրթ հորդորները: Ստեղծված իրադրությունում նախարարի անվտանգությունն ապահովող աշխատակիցները ստիպված են եղել ուժի գործադրմամբ բացել պաշտպանության նախարարի ծառայողական ավտոմեքենայի ճանապարհը»։

Պաշտպանության նախարարությունը, մտահոգություն հայտնելով տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, միաժամանակ հորդորում է չխոչընդոտել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովող կառույցի ավտոմեքենաների՝ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված տեղաշարժերը։

«Դա էապես կարող է վտանգել ամեն օր մարտական խնդիր կատարող բանակի բնականոն կենսագործունեությունն ապահովող ենթակառուցվածքների անխափան աշխատանքը», - ասված է ՊՆ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG