Մատչելիության հղումներ

Քաղաքացիական զգեստներով բերման ենթարկող անձինք ոստիկանության ծառայողներ են․ Ոստիկանություն


Ոստիկանությունը ցուցարարների է բերման ենթարկում Երևան-Աբովյան մայրուղուց, 20-ը ապրիլի, 2018թ․
Ոստիկանությունը ցուցարարների է բերման ենթարկում Երևան-Աբովյան մայրուղուց, 20-ը ապրիլի, 2018թ․

Ոստիկանությունը հայտարարում է, որ քաղաքացիական զգեստներով բերման ենթարկելու գործողություն իրականացնող անձինք ոստիկանության ծառայողներ են:

«Պայմանավորված Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի մասնակիցների կողմից հասարակական կարգը խախտող խմբային գործողություններով, ոստիկանությունը ներկա պահին իրականացնում է ոչ միայն հասարակական կարգի պահպանության, այլև հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման, խափանման գործողություններ: Նշված գործողությունների ընթացքում ոստիկանությունը կարող է օգտագործել նաև այլ ուժեր: Հայտարարում ենք, որ քաղաքացիական զգեստներով բերման ենթարկելու գործողություն իրականացնող անձինք ոստիկանության ծառայողներ են, որոնց գործողությունների համար ամբողջ պատասխանատվությունը կրում է ոստիկանությունը», - ասված է Հայաստանի ոստիկանության այսօր տարածած հայտարարությունում:

Ոստիկանությունը հիշեցնում է, որ վերջին օրերին հրապարակել է մեկ տասնյակից ավելի հայտարարություններ և հաղորդագրություններ, որոնք տարածվել են նաև զանգվածային լրատվության միջոցներով: «Մասնավորապես, բազմիցս նախազգուշացվել է, որ փողոցներ փակելը, երթևեկությանը խոչընդոտելը, ինչպես նաև այդպիսի գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության օրինական պահանջները չկատարելը իրավախախտումներ են, որոնք կկանխվեն և կխափանվեն ոստիկանական հարկադրանքի միջոցներով», - ասված է հայտարարությունում:

Ոստիկանությունը «պարզաբանում է հավաքի իրավախախտ մասնակիցներին, որ ոստիկանության կողմից վերը հիշատակված բազմաթիվ նախազգուշացումները, կոչերը և հայտարարությունները դրանք հրապարակելու ուժով արդեն իսկ հանդիսանում են պաշտոնապես ներկայացված օրինական պահանջներ, որպիսի փաստի առկայությամբ՝ դրանց չկատարումը իրավաչափորեն հանգեցնելու է բացասական իրավական հետևանքների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG