Մատչելիության հղումներ

«Որպեսզի իշխանությունը գնա զիջումների կամ փոխզիջումների, պետք է օրակարգ լինի». Շարմազանով


Էդուարդ Շարմազանով, արխիվ
Էդուարդ Շարմազանով, արխիվ

«Մերժիր Սերժին»՝ դա քաղաքական օրակարգ չէ, ասաց ՀՀԿ խոսնակը։

Քաղաքական օրակարգի առկայության պարագայում իշխանությունը պատրաստ է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողների հետ քննարկումներ սկսել։ Այդ մասին երեկ երեկոյան Հանրապետականի գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իշխող կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Բայց «Մերժիր Սերժին»՝ դա քաղաքական օրակարգ չէ, նշեց ՀՀԿ խոսնակը։

«Ազատության» հարցին, թե ի՞նչ զիջումների է պատրաստ գնալ իշխանությունը, Շարմազանովը պատասխանեց. - «Որպեսզի իշխանությունը գնա զիջումների կամ փոխզիջումների, պետք է օրակարգ լինի, բայց մենք չենք լսել, շարժումը պետք է քաղաքական օրակարգ ունենա՝ սա է խնդիրը։ Դպրոցներից նկարներ շպրտելը, «մերժիր այս գործչին, այն գործչին»՝ մաքսիմալիստական մերժողական տեքստերը դրանք քաղաքական օրակարգ չեն, կներեք։ Վերանանք մի հատ էմոցիաներից։ Պետք է քաղաքական օրակարգ լինի, եթե դուք ինձ կարողանաք մեկ, երկու, երեք, չորս և այլ կետեր թելադրել, մենք կնստենք կքննարկենք։ Մինչ այս պահը ես տեղյակ չեմ՝ իմ հարգելի գործընկերը որևէ քաղաքական օրակարգ ունի՞, թե՞ չունի, կամ գոնե հայտարարե՞լ է դրա մասին, թե՞՝ ոչ, սա է խնդիրը։ Մինչ այդ ինքն ասում էր չպետք է թույլ տա, որպեսզի պառլամենտը ընտրի վարչապետ, պառլամենտը ընտրել է վարչապետ։ Հիմա ինքն այլ բան է ասում, ես էլ կրկնում եմ ՝ իշխանությունն ու ընդդիմությունը փողոցում չեն ձևավորվում, և ես չեմ կարծում, որ մեր հարգարժան գործընկերը իր երկու այլ գործընկերների, թե երեք այլ գործընկերների հետ՝ նույն իր կուսակցությունից, ավելի ընդդիմադիր է, քան «Ծառուկյան» դաշինքի կամ «Ելք»-ի մնացած գործընկերները, ովքեր որ աշխատում են պառլամենտում և քննադատում են իշխանություններին: Սա է խնդիրը»

Ճշտող հարցին, թե իշխանությունը չի՞ բացառում զիջումների հնարավորությունը, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. - «Բայց ի՞նչ զիջում, որ Դուք ինձ ասեք՝ ինչ զիջում... օրակարգ չկա։ Երկխոսությունը պետք է լինի օրակարգի վերաբերյալ, մենք պատրաստ ենք լսելու, բայց ինքը պետք է ասի՝ ինչ է ուզում, ինքը պետք է ասի՝ ինչ հարցի շուրջ պետք է քննարկենք։ Իշխանությունը պատրաստ է համակարգային փոփոխությունների, իշխանությունը ձեռնարկել է այդ համակարգային փոփոխությունները, իշխանության համակարգային փոփոխությունների արդյունքում մենք կարողացել ենք, մի կողմից, Եվրասիական տնտեսական միության ամենատնտեսական մեծ աճ ապահովող երկիրը դառնալ, մյուս կողմից՝ Եվրասիական տնտեսական միության միակ երկիրը լինել, որը Եվրոպական միության հետ համաձայնագիր է կնքել։ Այսօր մենք ունենք 7․5 տոկոս տնտեսական աճ, այսօր մենք ունենք ժողովրդավարական հասարակություն, ունենք քաղաքացիական հասարակություն, ունենք ազատ մամուլ, ունենք ոստիկանություն, որտեղ 10 կամ 15 տարի առաջ որևէ մեկը չէր էլ պատկերացնի, որ ոստիկանությունը կարող է լինել այսքան պրոֆեսիոնալ ու այսքան հանդուրժող, ունենք իշխանություն, որը ինքն է կոչ անում, ինքն է ցանկանում փակուղուց դուրս հանել այդ մեր գործընկերների մաքսիմալիստական առաջարկությունները: Մենք չենք մերժում, մենք որևէ բան չենք մերժում, մենք ասում ենք՝ եղբայր, մենք պատրաստ ենք ցանկացած ընդդիմադիր խմբակցության, կուսակցության հետ, եթե կա քաղաքական օրակարգ, քննարկել, բայց «Մերժիր Սերժին»՝ դա քաղաքական օրակարգ չէ»։

Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում մտահոգություն հայտնելով վերջին օրերին երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, կողմերին հրավիրել է երկխոսության՝ «լավագույն ելք գտնելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG