Մատչելիության հղումներ

Նախագահ Արմեն Սարգսյանը մտահոգ է ստեղծված վիճակով և կողմերին երկխոսության կոչ է անում


Նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մտահոգություն հայտնելով վերջին օրերին երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, կողմերին հրավիրում է երկխոսության՝ «լավագույն ելք գտնելու համար»:

«Վերջին օրերին մեր Հանրապետության հազարավոր քաղաքացիներ, որոնց գերակշիռ մասը ուսանող երիտասարդությունն է, ցուցերի և երթերի ձևով իրենց պահանջներն են ներկայացնում իշխանություններին: Երիտասարդները մեր վաղվա օրն են՝ ապագա զինվորը, գիտնականը և ինժեները, քաղաքական գործիչը և պետական պաշտոնյան, և, անշուշտ, նրանց ձայնը պետք է լսելի լինի ու նրանց կարծիքը հարգվի:

Անշուշտ, կան կուտակված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում: Հայաստանի խորհրդարանը և նրա մեծամասնության ձևավորած կառավարությունը, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, կոչված են այդ հարցերը քննարկելու և հասարակությանը բավարարող լուծում գտնելու համար: Իմ խորին համոզմամբ, նման վիճակների միակ լուծումը երկխոսությունն է ցանկացած ձևաչափով, միմյանց տեսակետների հարգումն ու հանդուրժողականությունը:

Որպես պետության ղեկավար, ես հրավիրում եմ կողմերին երկխոսության, ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու համար: Այդ առումով կիսում եմ իրավիճակի կապակցությամբ տարբեր հասարակական- քաղաքական կազմակերպությունների արտահայտած մտահոգությունները և ողջունում ՀՅԴ առաջարկությունը՝ ՀՀ նախագահի հովանու ներքո ստեղծել քաղաքական խորհրդակցությունների հարթակ, առկա խնդիրներին համատեղ, համախոհության սկզբունքով լուծումներ գտնելու նպատակով:

Մինչ այդ կոչ եմ անում հանրային հավաքի մասնակիցներին՝ ցուցարարներին և իրավապահներին, հանդես բերելու զսպվածություն և պատասխանատվություն: Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ մեր երկրի անվտանգությունը, կայունությունը և ազգային համերաշխությունը բոլորիս համար պետք է լինեն առաջնային ու անքննելի անհրաժեշտություն»,- ըաստ նախագահի մամուլի ծառայության, հայտարարել է Արմեն Սարգսյանը:

Այսօր ավելի վաղ Դաշնակցույթւոնից հրաժարվեցին մեկնաբանություններ տալ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նշելով որ արդեն հայտարարություն են տարածել: Այդ հայտարարությունում ՀՅԴ-ն արձանագրում է, որ «վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ցույցերը, հանրահավաքները համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն են»: Ըստ Դաշնակցության, այս առումով անելիք ունեն առաջին հերթին իշխանությունները, քաղաքական ուժերն ու գործիչները, ուստի ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կոչ էր արել խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին, ՀՀ նորընտիր նախագահի հովանու ներքո՝ ստեղծել քաղաքական խորհրդակցությունների հարթակ՝ իրավիճակը հանգուցալուծելու նպատակով:

Արմեն Սարգսյանն այսօր փաստորեն ընդունել է այս առաջարկն ու իր հերթին երկխոսություն սկսելու կոչ արել:

Երկխոսության կոչին Երևանում արդեն 7-րդ օրը քաղաքացիական անհնազանդության գործողություններ իրականացնող Նիկոլ Փաշինյանն այսպես է արձագանքել․ - «Նման առաջարկ քննարկելու համար մի նախապայման կա՝ ոչ թե համաձայնվելու, այլ քննարկելու: Որ Արմեն Սարգսյանը ներկայացնի տեղեկանք, թե ինքը որ թվին է հրաժարվել բրիտանական քաղաքացիությունից»:

Այսօր ավելի վաղ Հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանը «Ազատության» հարցին, թե արդյոք խորհրդարանը պատրաստվում է քննարկում կազմակերպվել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, արձագանքել էր․ - «Ես չեմ կարող ասել հետագայում լսումներ կլինեն, թե չէ, բայց ես կարծում եմ, որ մեր առաջիկա խնդիրներից ամենակարևորը այն է, որ մենք առանց բախումների հասկանանք ինչ է կատարվում: Ցույցերը, քանի որ արդեն որևէ իմաստ չունեն այն առումով, որ արդեն վարչապետը ընտրված է, և դա փաստ է, մենք Կառավարություն պիտի ձևավորենք: Եթե կան բողոքներ, իսկ այդ բողոքները հնարավոր են․ այսօր ամբողջ աշխարհում այնքան շատ են բողոքները հասարակության կողմից, որովհետև մենք դժվարին պայմաններում և ժամանակներում ենք ապրում: Եվ այսօր չհասկանալ այս պատերազմների մարտահրավերը, որը կարող է հենց մեր վրա շատ խիստ անդրադառնալ, կարծում եմ, անընդունելի է: Նաև ես կարծում եմ, որ այսօր առավել, քան երբևէ մեզ պետք է համախմբվածություն, որովհետև մենք թշնամիներ ունենք»:

«Մերժիր Սերժին» կարգախոսը Աճեմյանը ժամանակավրեպ է համարում, քանի որ ընտրություններն ավարտվել են, իսկ իշխանությունը, ըստ նրա, շատ հանդուրժող է․ - «Մեր ոստիկանությունը շատ ավելի հանդուրժող է, քան առհասարակ նաև եվրոպական երկրներում»:

Իշխող Հանրապետականի մեկ այլ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ոստիկանների գործողությունները ցուցարարների նկատմամբ համաչափ է համարում․ - «Ես որևիցե բռնություն չեմ տեսել մինչև այս պահը»:

Դիտարկմանը, թե լուսաձայնային նռնակների կիրառումից հետո տասնյակ տուժածներ կային, վիրավորներ, Ալիկ Սարգսյանն արձագանքեց, թե կիրառվել է հատուկ միջոց, ինքը հետևանքների մասին մանրամասն տեղեկություններ չունի: Հավելեց՝ լավ կլիներ, որ վիրավորներ չլինեին:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կարծում է, որ թեև հասարակական ընդվզումը «Մերժիր Սերժին» կարգախոսի ներքո է, սակայն պայքարը ոչ թե անձերի, այլ համակարգային խնդիրների դեմ է, և իշխանությունները պետք է հետևություններ անեն․ - «Այսօր Հայաստանում մարդու իրավունքը երաշխավորված չէ, տնտեսական, հարկաբյուջետային քաղաքականությունը ուղղակի կեզեքում է մարդկանց: Այսօր աղքատությունը օրըստօրե աճում է՝ չնայած Ազգային վիճակագրական ծառայության «հուսադրող» ցուցանիշների: Այսօր զբաղվածության մակարդակը գնալով իջնում է, արտագաղթը շաունակվում է: Ինչի՞ մասին է խոսքը, հանուն ինչի՞ քաղաքացին սուսուփուս նստի իր տանը ու չընդվզի: Ես ողջունում եմ քաղաքացիների ակտիվությունը: Միայն թե պետք է հոգ տանել այն ուղղությամբ, որ այդ ակտիվությունը հընթացս չուղեկցվի այլ քաղաքացիների իրավունքների, շահերի ոտնահարմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG