Մատչելիության հղումներ

Լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ


Լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրա մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Քրեական գործի նյութերի համաձայն՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանը հաղորդում է ներկայացրել առ այն, որ ապրիլի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, որպես լրագրող իր աշխատանքն է կատարել Երևան քաղաքի Արամի փողոցում տեղակայված ՀՀ կառավարության 3-րդ վարչական շենքի դիմաց, երբ քաղաքացիական հագուստով երկու անձինք հարձակվել են իր վրա, գցել գետնին, ոտքերով ու ձեռքերով հարվածել, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ: Լրագրողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը) և ուղարկվել ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

ՀՀ ՔԿ նախագահի կողմից նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG