Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «շատ նորմալ է» համարում «հասարակական կարգն ապահովելու» ոստիկանների գործողությունները։
«Շատ նորմալ եմ համարում, որ ոստիկանությունն ապահովում է հասարակական կարգը։ Այն, որ ոմանք հայտարարում են, որ ոչ-բռնի եղանակով են իրականացնում իրենց գործողությունները, բայց փաստացի որոշ դեպքերում իրականացնում են բռնություն, դա փաստ է։ Ոստիկանական շղթա ճեղքելը դա խոսում է ցույցի ոչ-խաղաղ լինելու մասին», - այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հարությունյանը՝ շարունակելով. - «Ես նորից եմ ուզում կրկնել՝ դա չի նշանակում, որ ամբողջ ընթացքում ցույցը խաղաղ չէ։ Մենք կարող ենք տարբեր գնահատականներ տալ. կա խաղաղ, կա զենքով, կա անզեն, կա բռնությամբ ուղղորդվող, կա կարգը խախտող, կա կարգը կոպտորեն խախտող, այսինքն՝ տարբեր իրավական գնահատականներ։ Տվյալ դեպքում քանի որ կային բռնության դեպքեր, ապա ես շատ նորմալ եմ համարում, որ ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգը»։
Լրագրողների հարցին, թե կառավարության նիստում անդրադարձ եղե՞լ է երկրում ստեղծված իրավիճակին, Հարությունյանը պատասխանեց. - «Անդրադարձ եղել են երկրի զարգացման հետ կապված և իրավիճակի հետ կապված կարևորագույն հարցերին»։