Մատչելիության հղումներ

«Ժառանգությունը» դատապարտում է «խաղաղ ցուցարարների նկատմամբ իրավապահ համակարգի ցանկացած բռնություն»


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Արմեն Մարտիրոսյան, արխիվ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Արմեն Մարտիրոսյան, արխիվ

«Մենք շարունակելու ենք աջակցել քաղաքացիական խաղաղ անհնազանդության պայքարին և պատրաստ ենք ընդդիմադիր գործընկերների հետ միասնական ջանքեր ներդնել ի շահ ժողովրդի և պետության», այսօր նման հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության վարչությունը։

Կուսակցությունը նաև դատապարտել է «խաղաղ ցուցարարների նկատմամբ իրավապահ համակարգի ցանկացած բռնություն»։

Հայտարարությունում մասնավորապես ասվում է. - «Օրերս տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետի «ընտրությունը» Ազգային ժողովում, որտեղ պատգամավորների մեծամասնությունը քվեարկեց Սերժ Սարգսյանի օգտին։ Բոլորին հայտնի է, որ Սարգսյանը վարչապետ է դարձել 2015 թվականի կեղծված սահմանադրական հանրաքվեի, 2017 թվականի կեղծված խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Ակնհայտորեն այս ընտրությունից հետո Սերժ Սարգսյանը՝ տիրապետելով կառավարման ողջ լծակներին, երկիրը, ըստ էության, դարձրեց ավտորիտար պետություն: Հասկանալով դրա վտանգավորությունը՝ «Ժառանգություն» կուսակցությունը Սահմանադրական բարեփոխումների սկզբից մինչև այսօր պայքարում է այդ ամենը թույլ չտալու համար: Վերջին շրջանում սկսված այս համաժողովրդական պայքարի հիմքում «Ժառանգությունը» ևս կանգնած է եղել և շարունակում է մեր համաքաղաքացիների հետ միասին պայքարել՝ ղեկավար կազմից մինչև համակիրներ:

Մենք շարունակելու ենք աջակցել քաղաքացիական խաղաղ անհնազանդության պայքարին և պատրաստ ենք ընդդիմադիր գործընկերների հետ միասնական ջանքեր ներդնել ի շահ ժողովրդի և պետության՝ կյանքի կոչելով երկրի համար խիստ անհրաժեշտ արմատական բարեփոխումներ:

Դատապարտում ենք խաղաղ ցուցարարների նկատմամբ իրավապահ համակարգի ցանկացած բռնություն և անօրինականություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG