Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» և «Մերժիր Սերժին»-ը կոչ են անում Ոստիկանությանը՝ «զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններից»


«Ոստիկանության տարածած հայտարարություններն այն մասին, թե հավաքի կազմակերպիչներն իրենց սադրիչ վարքագծով հավաքի մասնակիցներին ուղղորդում են տարբեր հակաիրավական գործողությունների, չի համապատասխանում իրականությանը», քիչ առաջ նման հայտարարությամբ են հանդես եկել «Իմ քայլը» և «Մերժիր Սերժիր» քաղաքացիական նախաձեռնությունները։

Նախաձեռնությունները համատեղ հայտարարությունում մասնավորապես նշվում են, որ «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին»-ը «ունենալով Հայաստանի քաղաքացիների լայն աջակցությունն, օրեր շարունակ իրականացնում են քաղաքացիական անհնազանդության ոչ բռնի գործողություններ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության»։

«Նախաձեռնության հեղինակների համար բռնության մերժումը սկզբունք է և բազմիցս հայտարարվել է, որ բացառում ենք նաև բռնությանը բռնությամբ պատասխանելու գործողությունները։ Ոստիկանության տարածած հայտարարություններն այն մասին, թե հավաքի կազմակերպիչներն իրենց սադրիչ վարքագծով հավաքի մասնակիցներին ուղղորդում են տարբեր հակաիրավական գործողությունների, չի համապատասխանում իրականությանը: Շարժման կազմակերպիչները և մասնակիցները չեն կիրառում բռնություն և երբեք չեն կիրառելու, իսկ բոլոր այն անձինք, ովքեր հրահրում են նման գործողությունները կամ բռնություն են կիրառում որևէ մեկի նկատմամբ, չեն հանդիսանում ակցիայի մասնակիցներ», - ասված է հայտարարությունում:

«Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները կոչ են անում Ոստիկանությանը «զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններից և հավաքի կազմակերպիչների հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց, ապահովել խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցների անվտանգությունը և հետևողական լինել իրական սադրիչների և բռնություն կիրառող անձանց ինքնությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով նրանց պատժելու համար»:

Հիշեցնենք՝ ոստիկանությունը «սադրիչ» է որակել հավաքի կազմակերպիչների վարքագիծը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG