Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիևը այսօր չորրորդ անգամ պաշտոնապես կստանձնի Ադրբեջանի նախագահի պաշտոնը


Ադրբեջանի գործող նախագահ և նախագահի թեկնածու Իլհամ Ալիևը Բաքվի ընտրատեղամասերից մեկում քվեարկում է ապրիլի 11-ի ընտրություններում
Ադրբեջանի գործող նախագահ և նախագահի թեկնածու Իլհամ Ալիևը Բաքվի ընտրատեղամասերից մեկում քվեարկում է ապրիլի 11-ի ընտրություններում

Այսօր Բաքվում տեղի է ունենալու Ադրբեջանի վերընտրված նախագահ Իլհամ Ալիևի ինաուգուրացիան: Նա երդմնակալության արարողությամբ արդեն չորրորդ անգամ ստանձնելու է երկրի նախագահի պաշտոնը:

2003 թվականից Ալիևը ղեկավարում է Ադրբեջանը:

Երեկ երկրի Սահմանադրական դատարանի պլենումը հաստատել է ապրիլի 11-ին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներն ամփոփող՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությունը: Սահմանադրական դատարանի նախագահ Ֆարհադ Աբդուլաևն ասել է․ - «Նախագահ Իլհամ Ալիևը, ստանալով ընտրողների ձայների 86 տոկոսը, հայտարարվել է Ադրբեջանի նախագահ: Համաձայն օրենսդրության՝ Իլհամ Հեյդարօղլի Ալիևը համարվում է Ադրբեջանի ընտրված նախագահ հաջորդ 7 տարիների համար: Որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ»:

Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը մամուլին հայտնել է, որ ըստ Սահմանադրության՝ նախագահի ինաուգուրացիայից հետո կառավարությունը հրաժարական է տալու, և նախագահը նոր կառավարություն է ձևավորելու:

Կլինե՞ն արդյոք փոփոխություններ Ադրբեջանի կառավարությունում: Քաղաքագետ Ազեր Ռաշիդօղլուն Contact.az-ի հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանում համակարգային ճգնաժամն այնքան խորն է, որ նույնիսկ բոլոր նախարարների փոփոխությունը չի օգնի:

Ամեն դեպքում, ասել է նա, հնարավոր է՝ «հին գվարդիայի» մի քանի նախարարներ և չինովնիկներ փոխարինվեն նոր դեմքերով: Մասնավորապես, Ռաշիդօղլուն չի բացառել, որ արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը և ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը տեղ չունենան նոր կառավարությունում:

Վարչապետ Արթուր Ռասիզադեի մասին քաղաքագետն ասել է, որ նրա հրաժարականը հնարավոր է տարիքի և առողջական վիճակի պատճառով, բայց նրան փոխարինելու կգա «երիտասարդ Արթուր Ռասիզադե», օրինակ՝ դա կարող է լինել Միքայիլ Ջաբալովը՝ մարդ՝ առանց նախաձեռնությունների, վերևից իջեցված հրահանգների կատարող:

Նշենք, որ Միքայիլ Ջաբարովը երեկվա դրությամբ հարկայինի նախարարն էր: Երեկ նա հայտարարել է, որ փոքր և միջին բիզնեսի համար առաջիկայում նախատեսվում է հարկային բեռի թեթևացում:

Հիշեցնենք, մեկ շաբաթ առաջ հարկային բեռի որոշ թեթևացումից են խոսել նաև Հայաստանի կառավարությունում: Կառավարության նիստում Կարեն Կարապետյանը ասել էր, թե հարկավոր է անդրադարձ կատարել եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման հարցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG