Մատչելիության հղումներ

Ցուցարարների՝ Հանրային ռադիոյի շենք մուտք գործելու փաստով հարուցված գործով երկու անձ է ձերբակալվել․ ՀՔԾ


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ կազմակերպված բողոքի ակցիաների ընթացքում մի խումբ ցուցարարների՝ ապրիլի 14-ին Հանրային ռադիոի շենք մուտք գործելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակում «ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել են զանգվածային անկարգություններին և անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցած Ա. Գ.-ն ու Ս. Լ.-ն», տեղեկացնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:

«ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործի նյութերով պարզվել է, որ 2018 թ.-ի ապրիլի 14-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իր կողմից՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցների հետ, խախտելով Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 5 հասցեում գտնվող «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի վարչական շենք մուտք գործելու հատուկ անցագրային ռեժիմը, ապօրինի մուտք են գործել հիշյալ շենք, ապա՝ հարձակվել ու հաղթահարել են շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների դիմադրությունը: Այնուհետև անօրինական հավաքի մասնակիցները, շարունակելով չենթարկվել ոստիկանության ծառայողների և հանրային ռադիոյի աշխատակիցների օրինական պահանջներին, կոտրել են եթերային ստուդիա տանող մուտքի դուռը, մտել ուղիղ եթերի տաղավար՝ պահանջելով ուղիղ եթերի տրամադրում, ինչի հետևանքով տևական ժամանակով խախտվել է հանրային ռադիոյի բնականոն աշխատանքը, վտանգվել հասարակական անվտանգությունը», - ասված է ՀՔԾ մամուլի հաղորդագրությունում:

ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG