Մատչելիության հղումներ

Հավաքի մասնակիցները պետք է գործեն այլոց իրավունքների անհամաչափ սահմանափակումներ թույլ չտալու սկզբունքով. ՄԻՊ


Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել Երևանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ նշելով, որ «հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները հավաքի ընթացքում պետք է գործեն այլոց իրավունքների անհամաչափ սահմանափակումներ թույլ չտալու սկզբունքով»:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հրապարակած հայտարարության մեջ մտահոգություն է հայտնվում հավաքի մասնակիցների և ոստիկանների տուժելու վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ:

«Մտահոգիչ է նաև Երևանի Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկում ցուցարարների և նրանց գործողություններից դժգոհ քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպը։ Այդ առնչությամբ ակնկալում ենք Ոստիկանության պարզաբանումները», - ասված է հայտարարությունում:

ՄԻՊ-ը կարևորել է նաև Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և հավաքի ընթացքում ելույթ ունեցող մյուս գործիչների անընդհատ կոչերն ու հորդորները բռնությունից զերծ մնալու և հավաքի խաղաղ բնույթը պահպանելու վերաբերյալ: Այս առնչությամբ, հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․ - «Այդ կոչերի կարևորությունը պայմանավորված է նաև այն փաստով, որ սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի գրառումների ու մեկնաբանությունների ուսումնասիրությամբ արձանագրվել են ատելության խոսք և բռնության կոչեր»:

Կարևորելով նաև լրատվամիջոցների բնականոն գործունեությունը՝ Պաշտպանի աշխատակազմը ընդգծել է, որ այսօր factor.am էլեկտրոնային լրատվամիջոցի օպերատորի տուժելու և տեխնիկայի վնասվելու վերաբերյալ տեղեկությունը համապատասխան քննության պահանջով նույնպես կուղարկվի իրավապահ մարմիններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG