Մատչելիության հղումներ

«Կոչ եմ անում Ոստիկանությանը ձայնային նռնակներ չօգտագործել». Փաշինյան


Նիկոլ Փաշինյանն իրեն լավ է զգում և պատրաստվում է վերադառնալ ցուցարարների մոտ։ Այդ մասին «Նաիրի» բժշկական կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը՝ հորդորելով քաղաքացիներին՝ «հեղեղել Հայաստանի փողոցները և հրապարակները, արտահայտել իրենց կամքը ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի»։

Հիշեցնենք՝ ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր մուտք գործել ԱԺ շենք, ոստիկանները համաձայնեցին թույլ տալ միայն նրա և մյուս երեք պատգամավորների մուտքը: Փաշինյանը հայտարարեց, որ իրեն պայմաններ չպետք է թելադրեն, ապա ասաց, որ ցանկանում է որպես պատգամավոր ընդունել իր մոտ ընդունելության եկած քաղաքացիներին՝ ցուցարարներին: Ապա նա փորձեց արգելափակոցի վրայով անցնել դեպի ոստիկանության պատնեշը: Ոստիկանները խոչընդոտեցին նրա և նրան հետևող ցուցարարների առաջխաղացումը, ինչին հաջորդեց քաշքշուկը, ոստիկանությունը հատուկ միջոցներ օգտագործեց: Փաշինյանը և ևս երեք ոստիկան վնասվածքներով տեղափոխվեցին «Նաիրի» բժշկական կենտրոն։

«Ես փշալարերի վրայով անցնում էի, երբ որ անցա այնպես ստացվեց, որ կտրվեցի ցուցարարներից: Երբ որ ինձ փորձում էին քաշել այս կողմ, ես փշալարերից բռնվեցի։ Իսկ աչքի վնասվածքը ձայնային նռնակի ալիքից, ամենայն հավանականությամբ», - հիվանդանոցում լրագրողներին ասաց Փաշինյանը։

«Ազատության» դիտարկմանը, որ ԱԺ-ի մատույցներում տեղի ունեցած ընդհարման ժամանակ երեք ոստիկան է վիրավորվել՝ նրանք էլ բեկորային վնասվածքներ ունեն, Փաշինյանը պարզաբանեց․ - «Էլի այդ նույն պատմությունն է՝ դա իրենց օգտագործած ձայնային նռնակների արդյունքում է տեղի ունեցել: Այդ ձայնային նռնակները իրականում շատ վտանգավոր են, Մարտի 1-ին ոստիկան Համլետ Թադևոսյանը, ըստ ամենայնի, զոհվել է հենց դրանից, և տարօրինակ է, որ դրանից հետո ոստիկանությունը շարունակում է այդպիսի միջոցներ գործադրել»:

«Ազատության» հարցին, թե փորձելո՞ւ է կրկին մուտք գործել Ազգային ժողովի շենք, Փաշինյանը պատասխանեց. - «Ազգային ժողովն իմ աշխատանքի վայրն է և ես պետք է ցանկացած պահի, երբ որ ուզենամ, մուտք գործեմ Ազգային ժողով»։

Ճշտող հարցին, թե նման փորձ այսօր կրկին անելո՞ւ է, ընդդիմադիր գործիչը պատասխանեց. - «Ես տեղում իրավիճակին կծանոթանամ և որոշում կկայացնեմ»։

«Ես հպարտ եմ և ուրախ եմ, որ ցույցի մասնակիցները հակագործողություն չեն իրականացրել, մենք շարունակելու ենք մեր ոչ բռնի քաղաքականությունը», - նաև ասաց Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG