Մատչելիության հղումներ

Արտասահմանյան մամուլն արձագանքում է հայաստանյան իրադարձություններին


«Բի-Բի-Սի»-ի ռուսական ծառայությունը բավական հանգամանալից անդրադառնալով Հայաստանում սկսված բողոքի ցույցերին՝ գրում է, որ Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ նախագահի պաշտոնը ստանձնել է 2013 թվականին, որից հետո Հայաստանը սկսել է անցնել խորհրդարանական կառավարման համակարգի՝ ընդլայնելով վարչապետի լիազորությունները:

«Եթե Սարգսյանը դառնա վարչապետ, կշարունակի իշխանավարել մինչև 2022 թվականը», - ընդգծում է «Բի-Բի-Սի»-ն:

«Ֆրանսպրես»-ը, Սերժ Սարգսյանին բնորոշելով որպես ռուսամետ առաջնորդ, հաղորդում է, թե նա պատրաստվում է «ատամներով կառչած մնալ իշխանությանը, այս անգամ՝ վարչապետի պաշտոնում»։ Ընդդիմությունը պնդում է, որ անցումը խորհրդարանական կառավարման և վարչապետի լիազորությունների ընդլայնումը իրականում արվել էր այն բանի համար, որ Սերժ Սարգսյանը պահպանի իր իշխանությունը:

Հայաստանյան իրադարձություններին անդրադարձել է նաև «Ասոշիեյթեդ Փրես»-ը՝ գրելով․ - «Ըստ հայաստանյան ընդդիմադիր ուժերի, Սերժ Սարգսյանն ուզում է անժամկետ մնալ իշխանության, ինչի դեմ նախատեսված են շուրջօրյա նստացույցեր»:

«Դոյչե Վելլե»-ն զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ, ով փոխանցել է, թե «Սերժ Սարգսյանը ձեռնարկել է հնարավոր բոլոր քայլերը սեփական իշխանությունը վերարտադրելու համար»:

«Նա կունենա անսահմանափակ լիազորություններ, և այս պայմաններում ներքին ու արտաքին քաղաքականության, տնտեսության ու այլ ոլորտներում իմաստ չունի ակնկալել առաջընթաց», - գերմանական լրտավամիջոցին ասել է Փաշինյանը՝ պնդելով, թե Սերժ Սարգսյանի իշխանավարության երկարաձգմամբ կարելի է խաչ քաշել կոռուպցիայի ու կլանային համակարգի դեմ պայքարի վրա:

Հղում անելով ընդդիմադիրներին՝ «Դոյչե Վելլե»-ն միաժամանակ նշում է, որ իշխանություններն իրենք են իրենց անկյուն մղել․ գործող նախագահը ուժային գործողությունների հրաման տալու իրավունք չունի, իսկ վարչապետը, որ ունի նման լիազորություններ, ընտրվելու է վաղը: «Փաստացի ընդդիմությունը օգտվեց անիշխանության այս պատուհանից», - արձանագրում է «Դոյչե Վելլե»-ն:

«Ռոսբալտ»-ը գրում է․ - «Ռուսաստանը օգնեց Սարգսյանին, որ իրեն փոխարինի իրենով: Հայաստանի՝ ոչ այնքան լայն աջակցություն ունեցող նախկին նախագահը վաղը կդառնա երկրի վարչապետ: Սերժ Սարգսյանը, որին Հայաստանի Սահմանադրությունը թույլ չի տալիս առաջադրվել նախագահության երրորդ ժամկետի համար, իզուր չէր շտապ կարգով փոխում երկրի մայր օրենքը: Չցանկանալով հեռանալ քաղաքական Օլիմպոսից՝ նա ընդամենը սահմանադրական բարեփոխում անցկացրեց, որով Հայաստանը նախագահական կառավարման համակարգից անցավ խորհրդարանականի»:

«Մինչև վերջին պահը Սերժ Ազատովիչը կոկետություն էր անում և չէր հաստատում իր վարչապետական հավակնությունների մասին պնդումները: Դրան, սակայն, ոչ ոք չէր հավատում և ճիշտ էր անում՝ վաղը երկրի խորհրդարանը «կառավարության նոր ղեկավար կընտրի» այս պաշտոնում առաջադրված միակ թեկնածուին՝ Սերժ Սարգսյանին», - ընդգծում է «Ռոսբալտ»-ը: - «Այսպիսով, այլևս կասկած չի մնում, որ Սարգսյանը իրեն համապատասխանեցրեց Սահմանադրությունը: Այսուհետ երկրի ողջ իշխանությունը նրա ձեռքերում է լինելու կենտրոնացած:

Մինչդեռ Կարեն Կարապետյանը՝ «Գազպրոմ»-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյան, ով ղեկավարում էր կառավարությունը նախկին մեկուկես տարվա ընթացքում, կստանա ամենայն հավանականությամբ առաջին փոխվարչապետի պաշտոնը՝ փաստացի դառնալով Հայաստանի վարչապետին կից Ռուսաստանի վերահսկիչը»:

Ռուսաստանյան «Դոժդ»-ը, անդրադառնալով բողոքի ակցիաներին, փաստում է․ - «Հայաստանցիները չեն ուզում կիսել Բելառուսի և Ղազախստանի ճակատագիրը»:

«Բիզնես FM»-ը «Հայաստանը՝ Սերժ Սարգսյանի դեմ» հոդվածում տեղեկացնում է․ - «Բողոքի ակցիաները վերաճել են բախումների»:

Ռուսաստանյան «Վեստի»-ն հետևյալ կերպ է բնորոշում իրավիճակը․ - «Երևանում ոստիկանությունը կռվի բռնվեց ցուցարարների հետ»:

Իսկ ՏԱՍՍ լրատվական գործակալությունը նշում է, թե իրենց հաշվարկներով՝ Փաշինյանի հետ դեպի Ազգային ժողով գնացող ցուցարարների թիվը հասնում էր հազարների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG