Ադրբեջանի ընդդիմադիր ուժերին միջավորող «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը» քննադատում է միջազգային հանրությանը՝ Իլհամ Ալիևին նախագահ վերընտրվելու կապակցությամբ հղած շնորհավորանքների համար: Խորհուրդը հատկապես մատնանշել է շնորհավորական ուղեձներ հղած՝ Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդին:
Ընդդիմադիր դաշինքը հիշեցրել է ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ի ու ԵԽԽՎ-ի դիտորդների գնահատականների մասին: «Ընտրություններն անցնել են քաղաքական սահմանափակումների, մեծաթիվ քաղբանտարկյալների առկայության պայմաններում, առանց արդար մրցակցության, իշխանական թեկնածուի օգտին վարչական ռեսուրսի կիրառմամբ, այդ իսկ պատճառով՝ Եվրոպայի առաջնորդների շնորհավորանքները տարօրինակ են թվում»,- ասված է ադրբեջանցի ընդդիմադիրների հայտարարությունում:
Հիշեցնենք՝ Իլհամ Աիևի վերընտրության հաջորդ իսկ օրը ԵԱՀԿ դիտորդները հայտարարություն էին տարածել, որում, մասնավորապես, նշել էին․ «Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները կայացել են սահմանափակումներով աչքի ընկնող քաղաքական միջավայրում և այնպիսի օրենքների առկայության պայմաններում, որոնք կրճատում են մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները»: «Ադրբեջանում տիրող քաղաքական միջավայրում ազատ և արդար ընտրությունների անցկացումն անհնարին է»,- Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նաև ասել էին միջազգային դիտորդները:
Ադրբեջանական ընդդիմությունը, որն ի սկզբանե բոյկոտել էր նախագահական ընտրություններն ու դրանց չմասնակցելու կարգախոսով հանրահավաքներ էր անցկացնում Բաքվում, նշում է, որ չորրորդ անգամ անընդմեջ նախագահ վերընտրված Ալիևին ուղղված այդ շնորհավորանքներն իրենք գնահատում են որպես Ադրբեջանում ազատ ընտրություններ ունենալու իրավունքի ոտնահարման վրա աչք փակելու ցանկություն: «Նման դիրքորոշումն անհամատեղելի է Եվրամիության ու Եվրոպայի խորհրդի դավանած սկզբունքների հետ»,- նաև ասվում է Ադրբեջանի «Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի» հայտարարությունում: