Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ դիտորդների համոզմամբ` «Ադրբեջանում ազատ և արդար ընտրությունների անցկացումն անհնարին է»


«Մենք մեծ հաղթանակի ենք հասել նաև ռազմի դաշտում: Ադրբեջանցի զինվորը, ադրբեջանական բանակը, ազատագրեցին մեր հողերի մի մասը: Կգա մի օր, երբ այսօր դեռևս օկուպացված մեր տարածքներում ևս կծածանվի ադրբեջանական դրոշը և այնտեղ էլ նախագահական ընտրություններ կանցկացվեն»,- իր հետընտրական ուղերձում հայտարարել է Ալիևը:

«Ադրբեջանում տիրող քաղաքական միջավայրում ազատ և արդար ընտրությունների անցկացումն անհնարին է»: Այսօր կեսօրին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ են հանդես եկել ապրիլի 11-ի նախագահական ընտրությունների ընթացքին հետևած միջազգային դիտորդները:

«Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները կայացել են սահմանափակումներով աչքի ընկնող քաղաքական միջավայրում և այնպիսի օրենքների առկայության պայմաններում, որոնք կրճատում են մարդու հիմնարար ազատություններրն ու իրավունքները»,- նշված է ԵԱՀԿ դիտորդների տարածած հայտարարության մեջ:

«Ընտրարշավն աչքի ընկավ բազմակարծության բացակայությամբ: Դա վերաբերում էր նաև ադրբեջանական լրատվամիջոցներին: Ընտրությունների առանձնահատկություններից էր իրական ազատության բացակայությունը»,- նաև նշում են արևմտյան դիտորդները` արձանագրելով, որ թե՛ քվեարկության ընթացքը, և թե՛ քվեների հաշվարկն աչքի ընկան լուրջ խախտումներով: Այս մասին, մասնավորաբար, հայտարարել է դիտորդական առաքելության ղեկավարներից մեկը` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի անդամ Նիլզա Դե Սենան:

«Քվեարկության օրը մենք արձանագրել ենք օրենքով սահմանված պարտադիր ընթացակարգերի համատարած անտեսում, թափանցիկության բացակայություն, նաև մի շարք լուրջ ընտրախախտումներ, այդ թվում՝ քվերատուփերի լցոնման դեպքեր»,- նշել է Դե Սենան: «Քվեների հաշվարկը բացասական է գնահատվել դիտարկված ընտրատեղամասերի ավելի քան 50 տոկոսում` հիմնականում կանխամտածված կեղծիքների և օրենքով սահմանված ընթացակարգերի անտեսման պատճառով»,- հավելում են դիտորդները:

Մամուլի ասուլիսին ներկա իշխանամետ լրագրողներին դիտորդների հրապարակած գնահատականներն ակհնայտորեն դուր չեն եկել: Նրանք նախ ընդհատել են դիտորդների ասուլիսը` նրանց մեղադրելով հայերի շահերը սպասարկելու, զեկույցում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու մեջ, ապա պահանջել փոփոխության ենթարկել ողջ փաստաթուղթը: ԵԱՀԿ դիտորդները ստիպված են եղել 20 րոպեյով ընդհատել զեկույցի հրապարկումը: Այն սրահ, որտեղ ընթանում էր մամուլի ասուլիսը, նրանք վերադարձել են միայն կարգուկանոնի պահպանման հստակ երաշխիքներ ստանալուց հետո:

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն, պնդում է, որ ապրիլի 11-ի քվեարկությունը համապատասխանել է բոլոր միջազգային նորմերին: Նախագահական ընտրությունների առաջին արդյունքներն այս կառույցը հրապարակեց երեկ ուշ երեկոյան` տեղամասերի փակվելուց մի քանի ժամ անց: Դրանց համաձայն` Իլհամ Ալիևի օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած Ադրբեջանի քաղաքացիների 86 տոկոսը: Առաջադրված թեկնածուներն աննշան թվով քվեներ են ստացել, առավելագույնը՝ 3,5 տոկոս: ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովի հայտարարությունից հաշված րոպեներ անց ադրբեջանական հեռուստաալիքները հեռարձակեցին Իլհամ Ալիևի հետևյալ ուղերձը:

«Սիրելի հայրենակիցներ, ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել՝ իմ հանդեպ նման վստահություն ցուցաբերելու համար: Այսօր Ադրբեջանի ժողովուրդը քվեարկեց կայունության, անվտանգության և զարգացման օգտին»: Ալիևը կրկին պնդել է, թե իր պաշտոնավարման ընթացքում Ադրբեջանը լուրջ հաջողություններ է արձանագրել նաև Հայաստանի հետ հակամարտության ընթացքում:

«Մենք լուրջ դիվանագիտական հաղթանակներ ենք արձանագրել: Միաժամանակ, մենք մեծ հաղթանակի ենք հասել ռազմի դաշտում: Ադրբեջանցի զինվորը, ադրբեջանական բանակը ազատագրեցին մեր հողերի մի մասը: Կգա մի օր, երբ այսօր դեռևս օկուպացիայի տակ գտնվող տարածքներում ևս կծածանվի ադրբեջանական դրոշը և այնտեղ էլ նախագահական ընտրություններ կանցկացվեն»,- հայտարարել է Ալիևը:

Այն նույն ժամերին, երբ ադրբեջանական հեռուստաընկերությունները հեռարձակում էին երկրի ղեկավարի ուղերձը, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը փողոց է դուրս բերել իր անդամներին` տոնելով Իլհամ Ալիևի չորրորդ վերընտրությունը: «Ենի Ազերբայջանի» անդամները կուսակցական դրոշներ կրող մեքենաներով մի քանի ժամ շարունակ երթևեկում էին քաղաքի կենտրոնական փողոցներով, կուսակցության գրասենյակի մոտ էլ տոնական համերգ էր կազմակերպվել:

Ադրբեջանական ընդդիմությունը, սակայն, չի ընդունում ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը: Ընդդիմադիր մի շարք կուսակցությունների միավորող «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» երեքշաբթի ուշ երեկոյան հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ ապրիլի 11-ի ընտրությունները չեն համապատասխանել ո՛չ Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորություններին, ո՛չ էլ երկրի սահմանադրության դրույթներին:

Նույնատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև «Մուսավաթ» կուսակցությունը` նշելով, որ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումն ի սկզբանե հակասահմանադրական է եղել: Արդեն երկու օրից՝ ապրիլի 14-ին ադրբեջանական ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի` բողոքելով նախագահական ընտրությունների կեղծման դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG