Քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագրի շրջանակներում ուսանողները փակեցին Երևանի Հերացի-Կորյուն խաչմերուկը։
Ցուցարարները կոչ արեցին վարորդներին փակել մեքենաների դռները, մեքենաները թողնել փողոցում և երթով շարժվել դեպի Ազգային ժողովի շենք։
«Ներողություն, սիրելի վարորդներ, սա ձեր դեմ չէ, սա Սերժ Սարգսյանի դեմ է, միացեք մեզ», - հայտարարեցին ցուցարարները։
Հիշեցնենք, իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի իշխանավարումը որպես վարչապետ շարունակելու դեմ պայքարը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը հրապարակեց քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիր, որով նախատեսում է, մասնավորապես, այսօր առավոտից փողոցների, կամուրջների, մետրոպոլիտենի արգելափակում:
Այսօր առավոտյան ցուցարարները արգելափակել են Երևանի մի քանի կենտրոնական փողոցներ: