«Հանուն Հայաստան պետության» ճակատն իր պայքարը շարունակելու է «մինչև հաղթանակ», այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ճակատի անդամ, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը։
Նա նշեց՝ եթե իրենց չհաջողվի ծրագիրն ավարտին հասցնել մինչև ապրիլի 17-ը, ապա պայքարը կշարունակեն նաև ապրիլի 17-ից հետո։
«Մեզ համար կարևորը արդյունքն է։ Եթե հանկարծ չհաջողվի մինչև 17-ը, ապա մեր ծրագիրը չի ավարտվում 17-ին, պայքարը շարունակելու ենք մինչև հաղթանակ», - հայտարարեց Ռուբինյանը՝ հավելելով. - «Շարունակում ենք մեր պայքարը, և ամեն ջանք կներդնենք խնդիրը լուծելու համար»։
Հարցին, թե ճակատը կմնա՞ Ֆրանսիայի հրապարակում, Ռուբինյանը պատասխանեց. - «Արդեն կորոշենք՝ հրապարակում կմնանք, թե՞՝ ընդհատակում կմնանաք, իրավիճակով կթելադրվի, կարող է անցնենք ավելի կտրուկ միջոցների, կամ՝ ավելի փափուկ միջոցների՝ նոր ուժեր համախմբելու, իրավիճակը կթելադրի»։
Ռուբինյանը պայքարի սկիզբը խոստումնալից որակեց՝ նշելով՝ «տեսնենք ձնագնդիի էֆեկտ ստանում ենք, թե՝ ոչ»։
«Մի բանի որ հասնում ես, ախորժակդ բացվում է, մեկ այլ բան ես ուզում, սա է խնդիրը, պետք է ավելանա օր օրի», - ասաց ճակատի անդամը։
Հիշեցնենք՝ «Իմ քայլը», «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները և «Հանուն Հայաստան պետության» ճակատը փողոցային պայքար են սկսել ընդդեմ իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի։
Ռուբինյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.