Մատչելիության հղումներ

Ընդդիմության հանրահավաքն ավարտվեց, նրանք պատրաստվում են կրկին գիշերել Ֆրանսիայի հրապարակում


Ցուցարարներից մեկը պատառոտում է Սերժ Սարգսյանի լուսանկարով թռուցիկը, 14֊ը ապրիլի, 2018թ.
Ցուցարարներից մեկը պատառոտում է Սերժ Սարգսյանի լուսանկարով թռուցիկը, 14֊ը ապրիլի, 2018թ.

Երևանի Ֆրանսիայի հրապարակում քիչ առաջ ավարտվեց Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ պայքարող ցուցարարների հանրահավաքը։

Իր ելույթում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը կոչ արեց բոլոր ընդդիմադիր ուժերին գալ Ֆրանսիայի հրապարակ և «ճանապարհ դնել Սերժին». ֊ «Հատկապես ուզում եմ դիմել խորհրդարանական կուսակցություններին, ամենից առաջ՝ «Ելք» խմբակցության մյուս երկու կուսակցություններին՝ «Հանրապետություն» կուսակցությանը և «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, իմ վաղեմի ընկերներին և ծանոթներին՝ Էդմոն Մարուքյանին, Արտակ Զեյնալյանին, Արամ Սարգսյանին, Մանե Թանդիլյանին և մյուսներին՝ հարգելիներս, ամբողջությամբ հասկանալով Ձեր դիրքորոշումները, կոչ եմ անում գալ և միանալ ժողովրդին»։

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին կոչ արեց ժողովրդին գիշերը մնալ Ֆրանսիայի հրապարակում, քանի որ, նրա խոսքով, նախօրեին ընդամենը 190 հոգի էին հաշվել հրապարակում, իսկ դա նշանակում է, որ իրենք շատ խոցելի էին։

«Ժամը եկել է, արի՛ հրապարակ և տե՛ր կանգնիր քո ազատությանը, արի՛ հրապարակ, և տե՛ր կանգնիր քո պետությանը, արի՛ հրապարակ, և տե՛ր կանգնիր քո հաղթանակին, արի՛ հրապարակ, և տե՛ր կանգնիր քո հայրենիքին», ֊ կոչ արեց ընդդիմադիր գործիչը։ ֊ «Եվ ուրեմն՝ քայլ արա, մերժիր Սերժին», ֊ եզրափակեց Փաշինյանը։

Հանրահավաքից հետո ընդդիմադիրները մնացին Ֆրանսիայի հրապարակում՝ պատրաստվելով երկրորդ գիշերն անցկացնել այնտեղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG