Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները ավտոերթ կանցկացնեն՝ «Փնտրում եմ հանրապետականին» կարգախոսով


Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ծաղկաձորում արդեն իսկ տեղի է ունեցել ՀՀԿ խորհրդի նիստ, որի ընթացքում որոշվել է վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, վերջինիս իշխանավարման դեմ պայքարող ցուցարարների պլաններում փոփոխություն է տեղի ունեցել։

«Ժողովուրդ ջան, ուզում եմ դարդերս ձեզ հետ կիսվեմ», ֊ դիմելով Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարներին, քիչ առաջ հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ ֊ «Ասում ենք՝ գնում ենք Հանրապետականի գրասենյակը շրջափակենք՝ գնում են Ծաղկաձոր։ Ասում ենք, լավ, կգանք ձեզ Ծաղկաձորում կշրջափակենք՝ մեր հայտարարությունից կես ժամ հետո ՀՀԿ խորհրդի նիստ են անում և Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրում են որպես վարչապետի թեկնածու։ Ու արագ վեշերը հավաքում են՝ Ծաղկաձորից էլ են հեռանում։ Հիմա, այ ձեր ցավը տանեմ, ուզում եմ հասկանամ էդ մարդիկ որտե՞ղ են, որտե՞ղ շրջափակենք»։

Փաշինյանը նաև կոչ արեց 16:30֊ին հայտարարված ավտոերթի մասնակիցներին՝ Ավանի «Հարսնաքար» ռեստորանի փոխարեն գալ Մաշտոցի պողոտա ֊ Մոսկովյան փողոցների խաչմերուկ։

«Գաղափար կա, որ ավտոերթ անենք՝ «Փնտրում եմ հանրապետականին» կարգախոսով», ֊ ազդարարեց ընդդիմադիր գործիչը։

Փաշինյանը նաև անդրադարձավ նախօրեին Ազատության հրապարակում իր հնչեցրած հայտարարությանն այն մասին, որ համերաշխության ձեռք է մեկնում Հայաստանի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնք դեմ են Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետին։

«Եվ ես հարկ եմ համարում, նորից այդ հայտարարության դետալները կրկնել, որովհետև, այո՛, մենք շատ հաճախ իրար դեմ էլ ենք խոսել, շատ սուր ենք խոսել, իրար հասցեին ասել ենք նույնիսկ վիրավորական արտահայտություններ, կծել ենք, չորել ենք, բայց ես կարծում եմ, որ ժամանակն է եկել, որ մենք իրար ներենք ոչ թե հանուն իրար, այլ այստեղ կանգնած, այստեղ եկող ժողովրդի», ֊ նաև հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Փաստելով, որ իր հայտարարությունը որոշակի արձագանքի է արժանացել, Փաշինյանը թվարկեց մի շարք ընդդիմադիր գործիչների, ովքեր միացել են իրենց։ Նա, մասնավորապես, նշեց Րաֆֆի Հովհաննիսյանի, Պարույր Հայրիկյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Արամ Կարապետյանի անունները։

Իսկ մինչ ավտոերթը՝ Փաշինյանը ազդարարեց քայլերթի մեկնարկը Երևանի կենտրոնական փողոցներով։

Հիշեցնենք՝ առավոտյան Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր 14:00֊ին հանրահավաք են հրավիրում Երևանի Ֆրանսիայի հրապարակում, որը արգելափակել էին երեկ երեկոյան՝ Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքից հետո։ Բացի այդ, քանի որ ցուցարարները տեղեկատվություն ունեին այն մասին, որ ՀՀԿ խորհրդի նիստը որոշվել է անցկացնել Ծաղկաձորում, Փաշինյանը կոչ էր արել 16:30 ավտոերթ սկսել դեպի Ծաղկաձոր, սակայն այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Ծաղկաձորում արդեն իսկ տեղի է ունեցել ՀՀԿ խորհրդի նիստ, ընդդիմադիրները ազդարարեցին նախապես հայտարարված ծրագրերը փոխելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG