Մատչելիության հղումներ

Կառավարությունը մտադիր է նվազեցնել եկամտահարկը


Եկամտահարկի նոր դրույքաչափերը ուժի մեջ մտնելուց ընդամենը երեք ու կես ամիս անց Կառավարությունը խոսում է դրանք վերանայելու մասին:

Այս տարվա հունվարի 1-ին նախորդած ամիսներին իշխանության ներկայացուցիչները ջանք ու եռանդ չի խնայում փաստարկելու եկամտահարկի նոր դրույքաչափերի արդյունավետությունը: Այն ընդունվեց, ուժի մեջ մտավ այս տարվա սկզբից, իսկ երեկ՝ գործադիրի նիստում, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը անսպասելիորեն խոսեց եկամտահարկի նվազեցման մասին․ - «Մեր նախնական գնահատումները փաստում են, որ հարկավոր է անդրադարձ կատարել եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման հարցին, քանի որ միկրոմակարդակում այդ հարկատեսակի բեռի նվազեցումն աշխատող յուրաքանչյուր քաղաքացու համար կավելացնի իրական տնօրինվող եկամուտները, իսկ մյուս կողմից՝ գործատուին հնարավորություն կտա նույն աշխատավարձի պայմաններում ներգրավել առավել որակյալ աշխատողների։ Զուգահեռաբար, անհրաժեշտ է հարկային բեռի թեթևացման հետ մեկտեղ, հարկային վարչարարության գործիքակազմը բարելավել այնպես, որ էապես նվազեցվեն և կանխվեն հարկումից խուսափելու դեպքերը, ապահովվի նաև բյուջետային կայունությունը»։

Այս տարվա հունվարի 1-ից առաջ ամսական մինչև 120 հազար դրամ աշխատավարձի դեպքում եկամտային հարկը 24.4 տոկոս էր, 120 հազարից մինչև 2 միլիոնի դեպքում՝ 26 տոկոս: Տարվա սկզբից ուժի մեջ մտած եկամտահարկի նոր դրույքաչափերի համաձայն, նախ՝ 120 հազարի շեմը բարձրացվեց 150 հազարի, ու այս հատվածի համար իջեցվեց եկամտահարկը: Մինչև 150 հազար ստացողներն արդեն վճարում են 23 տոկոս: Սակայն բարձրացվեց 150 հազարից մինչև 2 միլիոն ստացողների եկամտահարկը՝ 26 տոկոսից այն դարձել է 28 տոկոս: Ամսական 2 միլիոն դրամից բարձր աշխատավարձ ստացողների դեպքում եկամտահարկը նույնն է մնացել՝ 36 տոկոս:

Կառավարության այս փոփոխությունները դժգոհության ալիք բարձրացրեցին հատկապես միջին խավի, փոքր ու միջին բիզնեսի շրջանում: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանի խոսքով, Կառավարության քայլը հարկային բեռի ավելացում է, ինչը հարվածում է տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկություններին՝ հարկադրելով նրանց կա՛մ մեծացնել ընկերությունների պահպանման ծախսերը, կա՛մ անցնել ստվեր, կա՛մ թողնել Հայաստանը․ - «Եկամտահարկի այս սանդղակը, ըստ էության, ուղղակիորեն հարված է ՏՏ ոլորտի ամենաբարձր կարգի մասնագետներին և ըստ էության, բոլոր ուղղություններով ինքը կամ վնաս է տալիս ՏՏ բիզնեսին, կամ ստիպում է ՏՏ բիզնեսը գնա ստվեր կամ ստիպում է, որ մարդը արտագաղթի, գնա դուրս և 3 անգամ ավելի աշխատավարձ ստանա»:

Բոլոր աշխատող քաղաքացիների համար հուլիսի 1-ից կգործի նաև կուտակային կենսաթոշակային համակարգը, և աշխատավարձի 5 տոկոսը կփոխանցվի կուտակային հիմնադրամներին:

Թե ինչ ազդեցություն ունեցան այս դժգոհությունները իշխանության դիրքորոշման վրա, հունվարի վերջին հակիրճ ներկայացրեց Ազգային ժողովի Տնտեսական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը՝ հայտարարելով «վերադարձ նախկին դրույքաչափերին անհնար է և անիմաստ»:

«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Փայլակ Թադևոսյանն «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրենսգրքի նախնական տարբերակում՝ դեռ 2016թ․ գարնանը, Կառավարությունը նախատեսել էր բոլորի համար սահմանել եկամտահարկի մեկ դրույքաչափ՝ 20 տոկոս, սակայն հետո հրաժարվեց այդ գաղափարից․ - «Նման քննարկումներ տարվա սկզբից են գնում, հարևան երկրների փորձն են ուսումնասիրում հարևան երկրների: Կարծեմ այցեր են եղել Վրաստան՝ ֆինանսների նախարարության կողմի, և ընդհանուր վերլուծություններ արվել են: Երևի թե վարչապետի հանձնարարական վերլուծությունների արդյունքների հիման վրա է»:

Ըստ Թադևոսյանի, եթե եկամտահարկը նվազեցվի, անշուշտ, քաղաքացիների մոտ ավելի շատ գումար կմնա․ - «Օրենսգիրքը շատ շտապ ձևով ընդունեցին, առանց շատ բաներ հաշվի առնելու, առանց կոնցեպտ դնելու: Հիմա տեսեք՝ օրենսգիրքը ընդունել են, ուժի մեջ չմտած՝ արդեն վեց փոփոխություն են արել: Դա խոսում է այն մասին, որ ընդունել են, հետո մտածել են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG