Հաշվի առնելով, որ ապրիլի 9-ից ուժի մեջ է մտել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքը, կառավարության այսօրվա նիստն արդեն կանցկացվի դռնփակ ձևաչափով: Այս մասին հաղորդում է Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Լրագրողները հրավիրվում են լուսաբանելու միայն նիստից հետո կազմակերպվելիք ճեպազրույցները, որոնք կկայանան մամուլի սրահում», - ասված է հաղորդագրությունում:
Այսօր, մասնավորապես, կառավարության մամուլի սրահում կկազմակերպվի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանի ճեպազրույցը:
Հիշեցնենք, լրագրողական կազմակերպությունները հայտարարել են, որ պայքարելու են զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակող՝ վերոհիշյալ օրենքի, ինչպես նաև Երևանում ինքնակառավարման մասին օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների դեմ: