Մատչելիության հղումներ

Ադրբեջանում նախագահական ընտրությունների օրը «Ազատության» կայքը արգելափակված է մնում


«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթ, արխիվ

Մինչ Ադրբեջանի քաղաքացիները գնում են ընտրատեղամասեր՝ քվեարկելու ապրիլի 11-ի արտահերթ նախագահական ընտրություններում, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքէջը մնում է արգելափակված կառավարության կողմից:

«Մեր աշխատանքն է անկախ լրատվություն ապահովել Ադրբեջանի ժողովրդի համար, առավել ևս՝ այնպիսի կարևորագույն իրադարձությունների հետ կապված, ինչպիսին նախագահական ընտրություններն են», - հայտարարել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը:

«Այդ արգելքը խաթարում է մեր առաքելությունը, ադրբեջանցիներին զրկում է ազատորեն տեղեկատվություն ստանալու իրենց հիմնարար իրավունքից և խախտում է ազատ մամուլի դերը հարգելու՝ կառավարության միջազգային պարտավորությունները», - շեշտել է Քենթը:

2017 թվականի մայիսին Բաքվի շրջանային դատարանը բավարարել է Ադրբեջանի տրանսպորտի, հաղորդակցությունների և բարձր տեխնոլոգիաների նախարարության դիմումը՝ արգելափակել «Ազատության» ադրբեջանական ծառայության, ինչպես նաև «Ազադլիգ» օրաթերթի, «Մեյդան», «Թուրան» և «Ազերբայջան Սաաթի» առցանց հեռուստաընկերությունների կայքէջերը: Կայքերն արգելափակել պահանջել էր գլխավոր դատախազությունը՝ պնդելով, մասնավորապես, թե այդ լրատվամիջոցները սպառնալիք են ներկայացնում Ադրբեջանի ազգային անվտանգությանը և «խրախուսում են բռնությունը, ատելությունը կամ ծայրահեղականությունը, խախտում են անձնական կյանքի գաղտնիության իրավունքը և զրպարտում են»:

Արգելափակման պահանջները հաջորդել են Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի հետ համատեղ «Ազատության» ադրբեջանական ծառայության՝ երկրի նախագահի ընտանիքի ֆինանսական գործունեությանը վերաբերող և պաշտոնական Բաքվին անհաճո այլ ռեպորտաժներին, իր հաղորդագրությունում ընդգծում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը:

Նշվում է, որ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի անգլերեն կայքը ևս այս տարվա հունվարից պարբերաբար արգելափակվում է Ադրբեջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG