Մատչելիության հղումներ

Օմբուդսմենի հաղորդումը հեռակա բանավեճ է հարուցել


2017-ին Մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ օմբուդսմենի տարեկան հաղորդումը գլխավոր դատախազության հետ հեռակա բանավեճի առարկա է դարձել։

Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, Արման Թաթոյանի ղեկավարած կառույցի գնահատականներն ու որակումները «մեղմ ասած, զուրկ են իրավական հիմնավորումից, առանձին դեպքերում խիստ միակողմանի գնահատականներ են պարունակում»։

Խոսքը վերաբերում է 2017-ի խորհրդարանական և Երեւանի ավագանու ընտրություններին, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և լրագրողների գործունեությունը խոչընդոտելու դեպքերին:

Իրազեկ քաղաքացիների միավորումը դիտարկել էր անցած տարվա ընտրությունները թե՛ տեղամասերում, և թե՛ նախընտրական ժամանակաշրջանում։ Կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, կիսելով մարդու իրավունքների պաշտպանի գնահատականները, օմբուդսմենին քննադատող դատախազությանը հիշեցնում է խորհրդարանական ընտրությունների խախտումների մասին․ - «Հայաստանի Հանրապետության դատախազությունը, ինչպես նաև այլ իրավապահ մարմինները թող առաջին հերթին պատասխանեն այն հարցին, թե ինչպես եղավ, որ վարչական ռեսուրսի չարաշահման դեպքը բացահայտեցին ոչ թե իրենք՝ բոլոր օպերատիվ-հետախուզական իրավունքներով, լիազորություններով օժտված, այլ մենք: Թե ինչպես եղավ, որ ընտրակաշառքի դեպքերը բացահայտում էին լրագրողներն ու դիտորդները, և ոչ թե իրավապահները»:

Գլխավոր դատախազության պնդմամբ, անդրադառնալով ընտրական իրավունքի խնդիրներին և քննարկելով իրավախախտումների վերաբերյալ տվյալները, օմբուդսմենը դրանցից չբխող հետևություններ է արել։

Արման Թաթոյանի թիմը եզրահանգել է, որ արձանագրված իրավախախտումները բացասական ազդեցություն են ունեցել ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության վրա, ինչպես նաև մտահոգություններ են ստեղծել ընտրողների կամքի ազատ արտահայտման վերաբերյալ:

«Իրավախախտումների կապակցությամբ օբյեկտիվ քննություն իրականացնելուն ուղղված ջանքերը արհեստականորեն մրոտելու ակնհայտ միտում են ունեցել», - ի պատասխան ասված է դատախազության հաղորդագրությունում:

Պաշտպանի տարեկան հաղորդման համաձայն, արձանագրվել են մտահոգիչ տեղեկություններ ու դեպքեր ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ։ Միաժամանակ պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև հանրային ծառայողների, այդ թվում՝ հանրակրթական դպրոցների աշխատակիցների վրա ճնշումներ գործադրելու, ինչպես նաև ընտրողներին ահաբեկելու դեպքեր:

Իոաննիսյանը պնդում է, թե օմբուդսմենի գնահատականներն անվիճելի են, դրանք տեղ են գտել նաև տեղական և միջազգային կազմակերպությունների զեկույցներում․ - «Որոշ հարցերի Մարդու իրավունքների պաշտպանը իր զեկույցում չի անդրադարձել, բայց ընդհանուր առմամբ գնահատականները՝ ընտրությունների նկատմամբ ապատիայի և դրա պատճառների հետ կապված, տեղին են»:

Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման մեջ դատախազության քննադատության հաջորդ թեման կալանքին է վերաբերում։ Դատախազությունը նշում է, որ պաշտպանը առաջնորդվում է կալանքի միջնորդությունների՝ ցանկացած դեպքում անբավարար հիմնավորվածության կանխավարկածով։

Միևնույն ժամանակ, դատախազությունը պաշտոնական թվեր է բերում՝ մասնավորապես նշելով, որ «2016 թվականի համեմատ, 2017 թվականին կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների քանակը նվազել է 180-ով կամ 15.4 տոկոսով»:

Արման Թաթոյանն իր ծավալուն զեկույցում գրել է, որ կալանավորման հետ կապված խնդիրները շարունակում են արդիական լինել: Օմբուդսմենը, մասնավորապես, նշում է, որ դատարանները բավարարել են կալանքի վերաբերյալ ներկայացված միջնորդությունների 90 տոկոսից ավելին։

Փաստաբան, բանտերում հասարականան դիտորդություն իրականացնող խմբի անդամ Ռոբերտ Ռևայզյանը կիսում է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում տեղ գտած գնահատականները և պնդում՝ քանի դեռ դատարաններն անկախ չեն, կալանքը կշարունակի մնալ որպես պատժիչ գործիք ցուցմունքներ վերցնելու համար․ - «Համաձայն եմ օմբուդսմենի այդ գնահատականի հետ, որ համակարգային փոփոխություն տեղի չի ունեցել: Կարող է ինչ-որ թվերի մեջ ավել-պակաս Դատախազությունը տվյալներ է ներկայացնում, չեմ բացառում, որ դա այդպես էլ լինի, բայց որպեսզի հասկանանք էական փոփոխություն կա թե չէ, պարզ օրինակ է՝ մի հատ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օրինակով նայենք: Որ օրը մենք տեսնենք, որ այնտեղ այլևս չկա գերբնակեցում, մենք կարող ենք ասել՝ այո, արդեն կալանավորումները նվազել են: Բայց այսօր մենք դա չենք կարող դեռևս ասել, որովհետև գերբնակեցումը շարունակվում է»:

Ըստ օմբուդսմենի հրապարակած փաստաթղթի, Հայաստանում բնակչության և կալանավորված անձանց ընդհանուր թվաքանակի համադրությունը կազմում է մոտավորապես 44.5, որը գերազանցում է եվրոպական
միջին ցուցանիշը: Օմբուդսմենը եզրահանգում է, որ կալանքը որպես ծայրահեղ կամ վերջին միջոց կիրառելու դատական
պրակտիկայում ընդհանուր մոտեցումները դեռ լիարժեք ներդրված չեն:

Ռոբերտ Ռևազյանը պնդում է, որ կալանքը անխտիր կիրառում են հնչեղ հասարակական կամ քաղաքական գործերով։ Նշում է, որ կալանքի որոշումների մեծ մասում հիմնավորումներ չկան, թե ինչու անձը պետռք է գտնվի անազատության մեջ։

Արդեն շաբլոն դարձած արտահայտություններն են՝ կխոչընդոտի նախաքննությանը, կթաքնվի, կամ էլ կազդի գործով անցնող մյուս անձանց վրա․ - «Քննարկումներից մեկի ժամանակ մի դատախազ անկեղծ ասաց՝ չեն ուզում խոստովանեն, հենց կալանք են տալիս, սկսում են խոստովանել»:

Դատախազությունը նաև քննադատել է օմբուդսմենին ամբաստանյալների կամքին հակառակ հանրային պաշտպան նշանակելու գնահատականի համար։ Թաթոյանը արձանագրել է, որ պաշտպան ունենալու իրավունքը բացարձակ չէ։

Ի պատասխան դատախազության քնադատության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազը հայտարարում է, որ իրենց ցանկացած գնահատական կամ եզրահանգում ունի փաստական և իրավական պատշաճ հիմնավորվածություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG