Մատչելիության հղումներ

Դեսպաններ Մարտիրոսյանը և Բոլթոնը 2005-ին միասին հայկական կոնյակ են խմել


ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նորանշանակ խորհրդական Ջոն Բոլթոն, Վաշինգտոն, 9-ը ապրիլի, 2018թ․
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նորանշանակ խորհրդական Ջոն Բոլթոն, Վաշինգտոն, 9-ը ապրիլի, 2018թ․

Financial Times-ը հրապարակել է Հնդկաստանում Հայաստանի դեսպան, նախկինում ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի՝ թերթին ուղղված նամակը, որտեղ նա արձագանքում է հրապարակմանը ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդական Ջոն Բոլթոնի նշանակման առիթով, ում ընդհանրապես ագրեսիվ քաղաքականության կողմնակից են համարում:

Մասնավորապես, ապրրիլի 7-ին Financial Times-ից Սայմոն Քուփերը գրել էր, թե հնարավոր է՝ Բոլթոնը Վաշինգտոնի ամենաագրեսիվ բազեն է, և նրա նշանակումը շատերի մոտ վտանգի կանխազգացում է առաջացրել:

Սակայն Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ Ջոն Բոլթոնը կարող է կառուցողական երկխոսության գնալ, ու ՄԱԿ-ում Հայաստանի կողմից Միացյալ Նահանգների համար ոչ ցանկալի քվեարկության մի դեպք է նկարագրել, որից հետո Ջոն Բոլթոնը հանդիպել է իրեն, խոսակցությունից հետո ըմբռնումով է մոտեցել Հայաստանի քվեարկությանն ու հանդիպման ավարտին նույնիսկ հայկական կոնյակ է խմել՝ ի նշան համաձայնության:

«2005 թվականին որպես ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ ես ականատեսն էի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հակաիրանյան բանաձև ընդունելու համար ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բոլթոնի ագրեսիվ արշավին: Քվեարկության ժամանակ Հայաստանի դիրքորոշումը չհամապատասխանեց ԱՄՆ-ի ակնկալիքներին, և ԱՄՆ-ի առաքելությունը, կապվելով մեզ հետ, շտապ հանդիպում խնդրեց պարոն Բոլթոնի հետ», - պատմել է Արմեն Մարտիրոսյանը՝ շարունակելով․ - «Ակնհայտ էր, որ Ջոն Բոլթոնը որևէ պատասխան ընդունելու պատրաստ չէր, և ստեղծված անսովոր իրավիճակը ոչ սովորական լուծում էր պահանջում: Կարճ ողջույնից հետո, ի մեծ զարմանս հյուրի, ես հանեցի Հայաստանի քարտեզն ու փռեցի սեղանին: Տեսանելի կերպով ցույց տվեցի, թե տարածաշրջանային ինչպիսի բարդությունների է բախվում մեր երկիրը, նման կերպ արդարացնելով բանաձևի հանդեպ մեր դիրքորոշումը: Հեռանալուց առաջ պարոն Բոլթոնը մի կում խմեց Ուինսթոն Չերչիլի սիրած հայկական «Արարատ» կոնյակից՝ որպես համաձայնության նշան»:

Արմեն Մարտիրոսյանը բոլոր պոտենցիալ զրուցակիցներին խորհուրդ է տվել Ջոն Բոլթոնին վերաբերվել որպես ռացիոնալ գործչի, ով կառուցողական երկխոսություն վարելու հրաշալի հատկություններ ունի և նոր գաղափարների հիման վրա կարող է դիրքորոշումներում շտկումներ անել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG