Մատչելիության հղումներ

«Ժողովուրդը ցանկացած ժամանակ կարող է իրացնել իր իշխանությունը». Արմեն Գրիգորյան


Ակտիվիստ Արմեն Գրիգորյան, արխիվ
Ակտիվիստ Արմեն Գրիգորյան, արխիվ

Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարման դեմ պայքարող «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունը երկուշաբթի օրը հանրահավաք և երթ անցկացրեց Երևանում:

«Իշխանությունը պատկանում է ժողովրդին, ու ի դեպ՝ իշխանությունը անժամկետ է պատկանում ժողովրդին, այսինքն՝ չկա մի վայրկյան ժամանակի մեջ, որ չի պատկանում», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը:

Դիտակմանը՝ «ասում են, որ ժողովուրդը ձայնը տվել է ՀՀԿ-ին անցած տարի», նա արձագանքեց․ - «Նախ, էդ ընտրությունները կեղծված է, սահմանադրական փոփոխությունները կեղծած են եղել, բայց նույնիսկ եթե ընտրությանը մասնակցել է, ապա եթե քաղաքացիները սկսում են էսպես դուրս գալ փողոց և պահանջ են ներկայացնում, ապա, միանշանակ, ժողովուրդը կարող է ցանկացած ժամանակ փոխել այդ իշխանությունը: Այսինքն՝ իշխանությունը երբեք քարի վրա գրված չի, քարի վրա միայն գրված է այն, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդը ցանկացած ժամանակ կարող է իրացնել իր իշխանությունը: Եվ մենք էս երթերի և քայլերթի և բազմաթիվ գործողությունների միջոցով փորձում ենք իրացնել հենց ժողովրդի իշխանությունը»:

Գրիգորյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «Իմ քայլը» քայլերթը, «Հանուն Հայաստան պետության» ճակատի հետ համատեղ «Մերժիր Սերժին» նախաձեռնության՝ ուրբաթ օրը Երևանում անցկացնելիք հանրահավաքը «խոսում է այն մասին, որ արդեն էդ պրոցեսը ընթացքի մեջ է»: «Եվ ես համոզված եմ, որ ահագին մարդ միանալու է այս նախաձեռնությանը», - հայտարարեց «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամը:

Հիշեցնենք՝ երեկ ավարտվեց որպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, և Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանը ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը: Կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, հրաժարական տվեց: Ազգային ժողովի խմբակցությունները կարող են յոթնօրյա ժամկետում վարչապետի թեկնածուներ առաջադրել, ընտրությունը տեղի կունենա ապրիլի 17-ին:

Ըստ նոր Սահմանադրության՝ երկրի փաստացի ղեկավարը վարչապետն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG